«Ամբողջ սարը ծվատվելու է, կենդանիների մոտ առաջանալու է չբերություն, մեռելածնություն»
Վայոց ձերի մարզում Թեք սարում հանքավայրի շահագործումը մեծ սպառնալիք է, այն կսպանի հարակից տարածքի ողջ կենդանական ու բուսական աշխարը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«2500 մետր բարձրությամբ Թեք սարի փեշերն իջնում են դեպի Եղեգիս, Մալիչկա գետեր և Արփայի վտակներ: Սարի բարձրադիր մասում հանքավայր են ուզում բացել, այնտեղ կա կապար և ցինկ: Դեռ սովետական միության ժամանակ է ուսումնասիրվել այս տարածքը, բայց այն չի հաստատվել որպես հանքավայր, բայց անկախացումից հետո, երբ որ ընդերքը դարձավ առանձին անհատների սեփականություն, կրկին հարցը սկսեց քննարկվել»,- ներկայացրեց բնապահպանը:
Նրա խոսքով՝ այժմ այնտեղ նախագիծ են ներկայացրել՝ 106 հազար տոննա հանքաքար վերամշակելու մասին. «Շահագործման դեպքում ամբողջ սարը ծվատվելու է, գետերն ուղղակի մեռնելու են: Մինչև 85 տոկոս նվազելու է հողի բերրիությունը, կենդանիների մոտ առաջացնում է չբերություն, մեռելածնություն»:
Բնապահպանը տեղեկացրեց, որ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր բնապահպանության նախարությանը, բայց շահագործման թույլտվություն չէր ստացել:
«2016 թվականին ևս բնապահպանության նախարարությունը տվեց բացասական եզրակացություն, ընկերությունը գործ հարուցեց և դատի տվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ չէր տալիս, որ հանքը շահագործվեր: Դատը ընկերությունը շահել է: Հիմա արդեն ընկերությունը հանքավայրի մոտ է և ցանկանում է շահագործել այն»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ