Ինչպես Վրաստանն ընկավ Ադրբեջանի թակարդն ու ստիպված է արդարանալ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ «Լռեցնելով մամուլին Եվրախորհրդի տարածքում․ մահվան դեպքից մինչև միջսահմանային առևանգում»։ Քննարկումը նվիրված էր Ադրբեջանում լրագողների նկատմամբ ճնշումներին ու հատկապես Վրաստանից «անհետացած» ու այնուհետ Ադրբեջանում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բարսյորի հովանավորությամբ, որին մասնակցում էին ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը՝ «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտից», Ադրբեջանի «Turan TV»-ի լրագրող Քանիմաթ Զահիդն ու վրացի մեդիա փորձագետ Լաշա Թուղուշին։
Վրացի փորձագետն իր խոսքում ասաց, որ Վրաստանից ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի անհետացումը մեծ աղմուկ առաջացրեց Վրաստանում, տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ ընդգծելով, որ չի հիշում նման նախադեպ Վրաստանում։
Աֆգան Մուխթարլին, փորձագետի խոսքերով, ասում է, որ իրեն առևանգել են Թբիլիսիի կենտրոնից ու տեղափոխել Ադրբեջան, իսկ Վրաստանի նախագահն իրավիճակը անվանում է Կոպերֆիլդի ֆոկուս։ Ըստ Ադրբեջանի, Մուխթարլին ձերբակալվել է սահմանն անօրինական հատելու, մաքսանենգության համար։
«Վրաստանի կառավարող ուժը կտրականապես մերժում է որևէ կապը տեղի ունեցածի հետ, միևնույն ժամանակ ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները կասկած են հայտնում, որ դժվար է կազմակերպել տեղի ունեցածը վերահսկվող սահմանով՝ առանց Վրաստանի ոստիկանության կամ հետախուզության գործակալության մասնակցության։ Վրաստանի ՆԳՆ-ն ևս հերքում է տեղի ունեցածի հետ որևէ առնչությունը»,-ասաց Լաշա Թուղուշին՝ բարձրացնելով հարցեր, թե ով է հրամայել ու կազմակերպել լրագրողի առևանգումը, արդյոք սա միակ դեպքն է, թե կարող ենք սպասել նաև նման այլ դեպքերի, որքանով են պաշտպանված իրավապաշտպաններն ու մյուս ակտիվիստները, որքան մեծ է Վրաստանի քաղաքական կամքը՝ դիմադրելու հարևան երկրի ճնշմանը։
Փորձագետը հույս հայտնեց, որ Վրաստանը կկարողանա գործել ժողովրդավարական սկզբունքներով ու կոչ արեց Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Մուխթարլիին։
Այս քննարկմանը ներկա էր նաև ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամը, երևի թե ենթադրելով, որ հնչելու են նաև մեղադրանքներ Վրաստանի նկատմամբ։ Վրաց պատգամավորը ներկայացրեց Վրաստանի իշխող ուժի տեսակետը՝ ասելով, որ իհարկե, տեղի ունեցածը մտահոգիչ է ու Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը շատ լրջորեն են վերաբերում դրան։ Վրաստանը ներկա փուլում պաշտոնական մեկնաբանություններ չի անում, քանի որ հետաքննությունը շարունակվում է, հակառակ դեպքում տեղեկությունները կարող են լինել շահարկումներ, այլ ոչ թե փաստեր։
«Մենք պետք է սպասենք հետաքննությանը ու պետք է տանք բավական ժամանակ՝ այն պատշաճ իրականացնելու համար»,-ասաց պատգամավորը։