Նախարար. Հայաստանում խոզաբուծության զարգացման մակարդակն ավելի ցածր է, քան պահանջարկը
«Խոզաբուծության զարգացման կարևորությունն այսօր ընդգծվում է նաև պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր երկրում այդ ճյուղի զարգացման մակարդակն ավելի ցածր է, քան պահանջարկը»,-նման կարծիք է հայտնել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա այսօր Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոնների բացմանը:
«Համոզված ենք, որ այս նորաստեղծ գենետիկ կենտրոնը թույլ կտա բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ներդնել նոր տեխնոլոգիաներ խոզաբուծության ոլորտում»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Բրիզերը, կարևորելով տարածաշրջանում եզակի գենետիկ կենտրոնների բացումը, իր հերթին նշել է, որ դրանք նոր տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններ են մատուցելու ֆերմերներին և ձեռնարկատերերին, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ են տրամադրելու ֆերմերներին, ձեռնարկատերերին և անասնաբույժներին՝ դասընթացներ անցկացնելով նաև հարակից համայնքների 2500 ֆերմերների համար:
Կենտրոնի գործունեության շրջանակում հասանելի է լինելու նաև լիզինգային վարկավորման ծառայությունը, որին ներգրավվելու է 3000 տնտեսություն: Դեբորա Բրիզերն ընդգծել է, որ նմանատիպ կենտրոնը հնարավորություն է տալիս ռեսուրսների վրա հիմնված ծառայություններից անցում կատարել տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ինչը կապահովի տնտեսական աճ և եկամուտ:
Ներկայացնելով նորաբաց կենտրոնների առավելությունները՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հավելել է, որ հիմնական նպատակը եղել է ոլորտի նորարարությունները Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար հասանելի դարձնելը:
Գենետիկական այդ նորամուծությունները հնարավորություն կտան ավելացնել խոզերի ծինը, ստանալ առավել առողջ և դիմացկուն գոճիներ, բարձրացնել խոզերի մթերատվությունը, ինչը կապահովի ֆերմերային տնտեսությունների կայուն աճ և շուկայում մսի գնի իջեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին