Մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք Ուկրաինայի, ոչ թե Ռուսաստանի հետ. Ռուբեն Մեհրաբյան
Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության և ՀՀ դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն են: Ավելին, Ուկրաինայի հետ գործակցության ուղղությամբ ոչինչ արված չէ, այն դեպքում, երբ պոտենցիալն ուղղակի ահռելի է: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները կանխորոշելու են ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը: Զբիգնև Բժեզինսկին էր ասում՝ Ուկրաինայի կարգավիճակն է կանխորոշում Ռուսաստանի՝ գերտերություն լինել-չլինելը»,-հիշեցրեց նա:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք Ուկրաինայի, ոչ թե Ռուսաստանի հետ. «Իհարկե, ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Կիևի դիրքորոշումը բավականին կոշտ է և Երևանի համար անհաճո, սակայն դա ևս հայկական կողմի մեղքն է»:
Ինչ վերաբերում է սպառազինության ոլորտում Ուկրաինայի և Ադրբեջանի գործակցությանը, ապա Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց՝ ուկրաինական զենքի ներկայությունը հաշվվում է միանիշ թվերով.
«Հայկական դիվանագիտությունը միանգամայն ընդունակ է հասկացնելու, որ Ուկրաինայի ամբողջականությունը և Բաքվի կողմից խմբագրած Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» համեմատության եզրեր չունեն:
«Ուկրաինայում ռուսների ցեղասպանություն չի եղել, էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել: Պրոյեկտումն ու համեմատություններն անտեղի են»,- ասաց փորձագետը:
Քննարկանը ներկա Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն իր հերթին նկատեց, որ ուկրաինաադրբեջանական ռազմական գործակցությունը բավական համեստ ծավալներ ունի:
«Տարածքային ամբողջականությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասաց նա: