Ռուսաստանը չի կարողացել քայքայել Ուկրաինան. Ալեքսանդր Բոժկո
«Ռուսաստանը զավթել է Ղրիմը և Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20 տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Նրա կարծիքով, Եվրոպայի հետ ասոցացումը ոչ միայն տնտեսության զարգացում է, այլ ավելի շուտ հումանիտար-քաղաքական ընտրություն, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:
Ալեքսանդր Բոժկոյի խոսքով, ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել նաև ուկրաինական բանակին, սակայն նպատակները, որ իր առջև ի սկզբանե դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը, իրականացնել չի հաջողվել:
«Նա չի կարողացել քայքայել Ուկրաինան, երկիրը հնազանդեցնել իրեն: Հակառակը, Ուկրաինան հստակորեն ցույց է տվել, որ իր ապագան պատկերացնում է ԵՄ-ի հետ: Իհարկե, Ուկրաինան չի կարող միայնակ պայքարել հսկայական, ռազմականացված պետության դեմ, բայց կարևորն այն է, որ մենք միայնակ չենք զավթիչի դեմ պայքարում»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է՝ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով:
Ալեքսանդր Բոժկոն մեծ հաջողություն որակեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի անվիզա ռեժիմի գործարկումը, ինչպես նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը եվրոպական հսկայածավալ շուկայում դրսևորվելու հնարավորություններ է ընձեռում:
«Շատ ժամանակ մենք ասում ենք՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Իհարկե, չի սպասում: Այդ մենք պետք է եվրոպական մեծ ընտանիքում մեր տեղը հարթենք»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Նշենք, որ Բոժկոն ասուլիսը վարում էր մաքուր հայերենով՝ առանց հուշումների, կամ բառեր մոռանալու: