Ինովացիոն ոլորտի զարգացումը կարևոր նախադրյալ է ՀՀ տնտեսության զարգացման համար. Էմիլ Տարասյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆրենսիս Գրիֆիթսը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրներում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ Ռոբերտ Մորթոնը և «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմի» տնօրեն Արամ Սալաթյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ինովացիոն ոլորտի զարգացումն ու թվայնացումը կարևոր նախադրյալ են Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Նշվել է, որ ներկայումս իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները, և նշված ծրագրում ևս ՀՀ կառավարությունը կարևորում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ փոխշահավետ համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ շարունակական համագործակցությանը, մասնավորապես, քննարկվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ հենքի վրա համատեղ նոր ծրագրերի իրականացման և կրթական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունը:
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել քննարկելու համատեղ նոր նախաձեռնություններ, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալու վերոնշյալ ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ կատարած շրջայցի ընթացքում տպավորված են ծրագրի հաջող իրականացմամբ և տեխնոլոգիական ոլորտի հայ ուսանողների ու մասնագետների բարձր պատրաստվածությամբ, ինչը կարևոր նախադրյալ է ճարտարագիտության ոլորտի զարգացման համար: