Թուրքիայի արտահանման ծավալները աճել են 12.5 տոկոսով
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրի արտաքին առևտրի վերաբերյալ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցը վկայում է, որ 2016-ի մայիսի համեմատ Թուրքիայում արտահանման ծավալներն աճել են 12.5 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 616 մլն դոլար: Նույն ժամանակահատվածի համեմատ 21.7 տոկոսով աճել են նաև ներմուծման ծավալները՝ հասնելով 20 մլրդ 923 մլն դոլարի:
2017թ. մայիսին արտաքին առևտրի պակասորդը աճել է 43.3 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 307 մլն դոլար:
Նշված ժամանակահատվածում Թուրքիայի կատարված արտահանումների 45 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության 28 երկրներին: Իսկ 2016թ. այդ ցուցանիշը կազմել էր 48.5 տոկոս: Դեպի ԵՄ կատարված արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 126 մլն դոլար:
Մայիսին Թուրքիայից Գերմանիա է արտահանվել 1 մլրդ 237 մլն ընդհանուր արժողությամբ ապրանք, ԱՄԷ՝ 1 մլրդ 38 մլն, ԱՄՆ՝ 858 մլն և Իրաք՝ 831 մլն դոլար արժողությամբ ապրանք:
Նույն ժամանակահատվածում Չինաստանից կատարվել է 1 մլրդ 930 մլն դոլարի ներմուծում, Գերմանիայից՝ 1 մլրդ 816 մլն դոլարի, Ռուսաստանից՝ 1 մլրդ 455 մլն դոլարի և ԱՄՆ-ից 1 մլրդ 165 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներմուծում: