Նախորդ տարիների համեմատ վարկերի տոկոսադրույքները ոչ կտրուկ, բայց բավական նվազել են. Արթուր Ջավադյան
Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե ԿԲ-ն ինչ պարտավորություններ է վերցրել կարկտահարությունից տուժած վարկառու գյուղացիների նկատմամբ:
Արթուր Ջավադյանը նշեց, որ կարկուտից տուժած 9 գյուղացիական համայնք կա, ունեն հստակ տուժածների թիվը և հասցեական մոտեցում են ցուցաբերում:
«Բանկերի կողմից բոլոր վարկառուների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու: Անհատական մոտեցումը լինելու է վարկերի ժամկետի երկարաձգում, բոլոր դեպքերում տոկոսադրույքի միանշանակ նվազեցում, իսկ սուբսիդավորող վարկերի մասով այլ կանոններ են»,- ասաց Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքերով՝ վերջին չորս տարվա ընթացքում բանկերը 600 մլրդ դրամի վարկ են տրամադրել գյուղացիական տնտեսություններին, 90 մլրդ էլ` սուբսիդավորման միջոցով, որը գյուղացիներին հասանելի է եղել 8%-ով:
«Նախորդ տարիների համեմատ վարկերի տոկոսադրույքները ոչ կտրուկ, բայց բավական նվազել են, շատ լուրջ նվազել են նաև հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ դրանք այսօր հասանելի են առավելագույնը 12%-ով:
Բացի այդ, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով բնակարանների տրամադրման ծրագիր կա, որի համաձայն՝ վարկերը մայրաքաղաքում տրամադրվել են 8,5%, իսկ մարզերում՝ 6,5 %-ով: