Սեփական եկամուտների ամբիցիոզ աճ ենք նախատեսում. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով, թե կառավարությունը 2017-2022 թվականներին ինչ փիլիսոփայությամբ է շարժվելու։
«Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ, շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր. «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, մեր արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք»։
Նշենք, որ Կառավարությունը հավանություն է տվել 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին: ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին