Արդարացված է՝ բացասական շոկերի պայմաններում թույլ տալ, որ ծախսերը ֆինանսավորվեն պակասուրդի հաշվին. Արամյան
«2016 թվականին եկամուտները կազմել են 1 տրիլիոն 171 միլիարդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 449 միլիարդ, պակասուրդը՝ 278 միլիարդ դրամ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց, որ 2016 թվականին ծրագրված է եղել 1 տրիլիոն 186 միլիարդ ընդհանուր եկամուտներ, 1 տրիլիոն 377 միլիարդի ծախսեր, 190,7 միլիարդի դեֆիցիտ:
«Վերջինս ՀՆԱ-ի մեջ կազմում էր 4 տոկոս, բայց մենք պարտադրված ենք եղել, քանի որ արտաքին հատվածից ունեցել ենք բացասական ցնցումներ, իրականացնել ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը ոչ այլ ինչ է, քան թույլատրել ավելի բարձր պակասուրդ»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքով, 2015-216 թվականներին հարկաբյուջետային քաղաքականության ազդակը եղել է դրական. 2015-ին եղել է 2,6 տոկոս, 2016-ին՝ ի լրումն այս 2,6 տոկոսի, ևս 0,4 տոկոսով դրական ազդակ են տվել:
«Սա նշանակում է, որ եթե մենք համադրում ենք տնտեսական զարգացումներին և տնտեսական աճին, 3,2 տոկոս տնտեսական աճը, որը գրանցվել է 2015-ին, դրան 2,6 տոկոսային կետով հարկաբյուջետային քաղաքականությունն է օգնել: 2016-ին, քանի որ բացասական ցնցումները չէին նահանջել մեր երկրում, մենք պարտադրված նորից թույլ տվեցինք, որ պակասուրդը լինի բարձր և ի լրումն 2,6 տոկոսի, ունեցանք լրացուցիչ 0,2 տոկոս հարկաբյուջետային ազդակի դրական ցուցանիշ: Տեսականորեն վերցնենք, եթե դա չկատարեինք, կնշանակեր, որ տարին կամփոփեինք ոչ թե դրական, իհարկե, ցածր տնտեսական աճով, այլ կունենայինք բացասական տնտեսական աճ: Ամեն դեպքում արդարացված է բացասական շոկերի պայմաններում թույլ տալ, որ քո ծախսերը ֆինանսավորվեն պակասուրդի հաշվին»,- մանրամասնեց նախարարը:
Վ. Արամյանը նաև նշեց, որ 2016-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը ծրագրավորել էին 20,7 տոկոս, տարին ամփոփել են 21, 3 տոկոս հարկերի ցուցանիշով:
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
- Երկու ճյուղ բացասաբար է նպաստել տնտեսական աճին. Վարդան Արամյան
- Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
- Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
- 2016թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է արտահանումը. Արթուր Ջավադյան
- Եթե 2015-ի տնտեսական շոկը չլիներ, ԵԱՏՄ-ից հաշվարկած օգուտները կյանքի կկոչվեին. Արամյան
- Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
- Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը