Արամյան. Դրամավարկային քաղաքականությունը ճկուն է եղել, կոորդինացումը՝ բարձր
«2016 թվականին Կենտրոնական բանկին հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, ապահովել նախադրյալներ ներքին պահանջարկի վերականգնման, գների ու մակրոտնտեսական կայունության ապահովման համար»,-այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):
Ջավադյանի խոսքով, ԿԲ հետևողական աշխատանքի շնորհիվ ներքին պահանջարկի վերականգնում է տեղի ունեցել, ինչի արդյունքում արձանագրված գնանկումը նվազել է:
«Եթե անցած տարվա սեպտեմբերին գնանկումը կազմում էր 2.1 տոկոս, ապա տարեվերջին այն կազմել է 1.1 տոկոս, իսկ այս տարվա մայիսին՝ արդեն 1.6»,-ասաց նա:
ԿԲ-ում վերլուծել են գնաճի ցածր ցուցանիշի պատճառները, եկել են եզրակացության, որ սպասվածից ցածր գնաճ ունենալու վրա ազդել են միջազգային գնանկումը, գյուղատնտեսական ոլորտում 2015-2016 թթ. բարձր աճը, որը նպաստել է պարենի գների ցածր մակարդակին և տարվա ընթացքում ներքին պահանջարկն էլ ԿԲ կանխատեսումներից քիչ էր: Վերջին գործոնին ԿԲ-ն փորձել է հակազդել՝ մի քանի անգամ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Հարակից զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը ԿԲ հաշվետվության վերաբերյալ: Նախարարի խոսքով, դրամավարկային քաղաքականությունը ճկուն է եղել, կոորդինացումը՝ բարձր:
«Մենք կիսում ենք այն կարծիքը, որ 2016-ը եղել է գնանկումային տարի, միջազգային շուկաներում ձևավորված գործոններ ներթափանցել են հայաստանյան շուկաներ»,-ասաց նա:
Նշենք, որ հաշվետվության քննարկման ժամանակ հիմնական ու հարակից զեկուցողներին ուղղված հարցեր չեղան: Մտքերի փոխանակության համար էլ հերթագրվողներ չեղան: Եզրափակիչ ելույթի կարիք էլ չեղավ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում