Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին. Արաբագետ
Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին: Անվտանգության գոտիների հաստատումը խաղաղության հույս է ներշնչում: Մյուս կողմից պաշտոնական Դամասկոսը բանակցություններում փորձում է ավելին ստանալ,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ահաբեկիչների կենտրոնները ճնշելով՝ կարծես, բարվոք վիճակ է ստեղծվում ահաբեկչության՝ այլ ուղղություններով տարածմանը:
Անդրադառնալով Եգիպտոսում գերմանացի զբոսաշրջիկների սպանության դեպքին՝ արաբագետը հիշեցրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել ԻՊ-ի հետ:
Ասուլիսին ներկա, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ ահաբեկչական խմբերը դեռևս երկար են մնալու Սիրիայում և փորձելու են մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին:
«ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն՝ վերպետական որոշակի նկրտումներով: Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է և դրանով է պայմանավորված ներկա իրողությունների վտանգավորությունը»,- ասաց բանախոսը:
Խոսելով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադի սպանվելու մասին լուրերից՝ Սարգիս Գրիգորյանը նշեց՝ վերջինիս մահն անշուշտ որոշ բաներ կփոխի, սակայն «Իսլամական պետության» գործողություններում մարտավարական և ռազմավարական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենա:
«Եթե անգամ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանված է, ԻՊ-ը, հավանաբար, նոր առաջնորդ է փնտրում»,- հավելեց արաբագետը:
Հարակից հրապարակումներ`
- Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
- ԻԼԻՊ-ը մտադիր է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի փոխարեն ժամանակավոր առաջնորդ ընտրել
- Ովքեր են Սիրիայում ծայրահեղ իսլամականների առաջնորդները. Աբու Բաքր ալ-Բաղդադի