«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ»,- այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին:
Վարչապետի խոսքերով՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:
Հաշվի առնելով այս խնդիրները՝ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ: Ներառյալ պետք է մշակվի ոլորտի խնդիրների հստակեցմանն ուղղված օրենսդրական փաթեթ:
Նշեց նաև, որ ըստ անհրաժեշտության հարցը պետք է քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ: