Իրավական ակտերի ընդունումը նվազագույնի կհասցնի գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը:
Նրա խոսքերով՝ վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ու Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ։ Նշված իրավական ակտերի ընդունումը, ըստ Կարեն Կարապետյանի, հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը»,- ասաց վարչապետը և դիմելով ՊԵԿ նախագահին հետաքրքրվեց, թե այս գործով որ փուլին են հասել:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ ՊԵԿ-ի և ԿԲ-ի կողմից արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որն առաջիկա օրերին կստորագրվի և օոգոստոսի 1-ից կմտնի կիրառության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին