Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կորեայի Հանրապետության Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով: Նորին Սրբությունը մաղթել է, որ կորեական պատվիրակության այցը Հայաստան հաջողությամբ պսակվի և համագործակցության արդյունքում ավելի զորանա փոխճանաչողությունն ու նոր խթան դառնա հայ-կորեական կապերի սերտացման համար:
Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձել է 2013 թ. Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով Հարավային Կորեա կատարած իր այցին և երկրում արձանագրված ձեռքբերումներին ու զարգացմանը, ապա իր բարեմաղթանքները փոխանցեց Կորեայի ժողովրդին և իշխանություններին:
Նահանգապետ Սոնգ Հա-Ջինը ևս ուրախություն է հայտնել հանդիպման համար` հաստատելով, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և այցի արդյունքում մի շարք ոլորտներում մեծ համագործակցության սկզբնավորման հույս ունի: Պատվիրակության ղեկավարը Նորին Սրբությանը ներկայացրել է նաև նահանգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև երիտասարդական ծրագրեր: