Անկայուն զինադադարի պարագայում ապրիլյան պատերազմի կրկնությունը չի բացառվում. ազատամարտիկ
Ռուսաստանը շատ լավ գիտի որտեղ և ինչպես է օգտագործվում Ադրբեջանին վաճառված զենքը: Իհարկե, ցավալի է, որ մեր դաշնակիցը նման քայլի է դիմում, սակայն մյուս կողմից կարելի է հասկանալ, որ զենքի վաճառքը բիզնես է,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ, գնդապետ Գագիկ Դանիելյանը:
«Ինտելեկտի խնդիր կա, այսինքն՝ ադրբեջանցիների ունեցած մեծաքանակ զենքը դեռ ոչինչ չի նշանակում: Նույն զենքը հայի ձեռքին գործում է անխափան, այնինչ ադրբեջանցիների մոտ խափանվում է՝ կարծես աստվածային նախախնամությամբ »,- ընդգծեց ազատամարտիկը՝ միաժամանակ հավելելով, որ անկայուն զինադադարի պարագայում ապրիլյան պատերազմի կրկնությունը չի բացառվում:
Ասուլիսին ներկա «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Կարապետ Կարապետյանն իր հերթին նշեց՝ հայկական բանակն այնքան հզոր պետք է լինի, որ մեծ նշանակություն չտա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործոնին:
«Իհարկե, ես կարող եմ նեղանալ դաշնակից Ռուսաստանից, որ Ադրբեջանին զենք է վաճառում, բայց նեղանամ, որ ի՞նչ: Դա նրա իրավունքն է»,- ասաց նա:
Անդրադառնալով լայնածավալ պատերազմի հավանականությանը՝ ազատամարտիկը շեշտեց՝ պատերազմ, հավանաբար, չի լինի, սակայն բախումներ կլինեն, և այդ բախումներում անկասկած կհաղթի հայկական կողմը:
Բանախոսներից Գագիկ Դանիելյանն անդրադարձավ նաև Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահ վերընտրվելու հանգամանքին: Ազատամարտիկի խոսքով, վերջինն այն մարդն է, ով փայլուն տիրապետում է սահմանային իրավիճակին, սրտացավ և հայանպաստ վարքագիծ է ցուցաբերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան