«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում շահագործման է հանձնվել խճաքարի ջարդման արտադրամասը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում շահագործման է հանձնվել խճաքարի ջարդման արտադրամասը, որտեղ նախատեսվում է 5 տեսակի՝ 0-ից մինչև 75 մմ-անոց խիճ արտադրել, և առաջին հերթին օգտագործել հանքի ճանապարհների բարեկարգման համար: Արտադրամասը կառուցելու գաղափարը կոմբինատի տրանսպորտի բաժնի պետ Գարիկ Ղազարյանինն է:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ներկա էր արտադրամասի բացմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր իրեն հարազատ դարձած ընկերությունում իրականություն է դարձել ևս մեկ արդյունավետ ծրագիր, որը միտված է արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պալասկովն էլ կարևորել է այն հանգամանքը, որ նոր արտադրամասը կառուցվել է հիմնականում ներքին պահուստների հաշվին:
«Այս ներդրումը, կատարվող քայլերը ընկերության երկարաժամկետ ծրագրերի մի մասն են: Մեր աշխատանքներն առաջին հերթին ուղղված են ընկերության էֆեկտիվության բարձրացմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը»,- նշել է տնօրենը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Մհեր Պալասկովը հայտնել է, որ ընկերությունն առաջիկայում իրականացնելու է քայլեր, որոնք միտված են լինելու արտադրական ծավալների մեծացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Փորձում ենք նայել առաջ, ստեղծել նոր, հետաքրքիր աշխատատեղեր: Այսօր էլ կարող ենք փաստել, որ ընկերության աշխատողների քանակը չի նվազել, հակառակը, վերջին մեկ տարում աճել է»,- ասել է Մհեր Պալասկովը:
Նշվել է նաև, որ նոր արտադրամասի գործարկումով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների թիվը հատել է 3600-ի սահմանը: