Մինչև տարեվերջ ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20 տոկոսի աճ
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 4.9 տոկոս: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նշված ժամանակահատվածում ներմուծումն աճել է 1.8 տոկոսով, իսկ արտահանումը ռեժիմների հետ կապված մի քիչ նվազել է:
Սակայն, ըստ փոխնախարարի. դա կոմպենսացվելու է և կանխատեսումներով տարվա վերջին ունենալու են առնվազն էլեկտրաէներգիայի արտահանման 20 տոկոս աճ:
Հայկ Հարությունյանի խոսքերով՝ այս տարի ունեցել ենք կլիմայական բարդ պայմաններ` շատ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը աճել է:
«Ունենք նոր պայմանագիր Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու համար: Փոխհոսքերն արդեն շատ արդյունավետ իրականացվում են: Փետրվար-մարտին կարողացել ենք արտահանել դեպի Վրաստան, և ներմուծել ենք մայիս-հունիս ամիսներին: Ներկայումս քննարկվում են ապագա ծավալները, և նախատեսվում է մինչև տարվա վերջ կրկնապատկել Վրաստանի հետ փոխհոսեքերի քանակը: Կա փոխշահավետ համագործակցություն Վրաստանի հետ և հուսով ենք, որ դա շարունակական կլինի: Սա նախապատրաստական աշխատանք է հանդիսանում, հետագայում, երբ նոր գծերը կառուցվեն, ավելի լայն ծավալի առևտրի իրականացման համար»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ