Վենետիկից ու «Ամերիկյանից» բանակ. «Դժվար չի լինելու»
Առավոտյան ժամը տասից հանրապետության մարզերից ու մայրաքաղաքի տարբեր շրջաններից Կենտրոնական հավաքակայան են գալիս զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: Զինակոչիկները նախ շարվում են շարահրապարակում, ապա շարժվում ռազմաբժշկական հանձնաժողովի մասնաշենք՝ վերջին բուժզննում անցնելու:
Համազգեստը ստանալուց հետո էլ նորակոչիկները հավաքվում են բակում, ծանոթանում տարբեր շրջաններից եկած տղաների հետ, իսկ մի քանի րոպե հետո արդեն ընկերացած ջերմ զրուցում են ամեն մեկն իր բարբառով:
Արմեն Հակոբյանը Դիլիջանից է, Ամերիկյան համալսարանի ուսանող: Ծառայելու է Արցախում: «Բարձր տրամադրությամբ եմ գնում և հուսով եմ, որ ծառայությունս լավ կանցնի: Եղբայրս նույնպես ծառայել է Արցախում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին ու դա ինձ մոտ ոգևորություն է առաջացրել»,- ասում է Արմենը:
Նրա խոսքերով՝ ծնողները համեմատաբար հանգիստ են բանակ ճանապարհել. «Իհարկե շատ հուզված էին, բայց, կարծես թե, հարմարվել են, արդեն երկրորդ տղային են բանակ ճանապարհում»:
Նորակոչիկներին էլ Արմենը ցանկանում է, որ հպարտ լինեն, դուխները չգցեն ու կենտրոնանան միայն ծառայության վրա: «Մենք պետք է հետևենք մեր ավագ եղբայրների օրինակին, որոնք շատ դժվարություններ տեսան, պատերազմի միջով անցան, բայց չերկնչեցին: Մենք իրենց հաստատ հուսախաբ չենք անի, պետք է հայրենիքի իսկական զինվոր դառնանք ու պատվով ծառայենք»,- ասում է նորակոչիկը:
Հարություն Աղաջանյանը նույնպես Տավուշի մարզից է, Նորաշեն գյուղից: Վենետիկի պատրիարքարանի Աստվածաբանական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք իր պարտքը կատարելու ու ծառայելու Հայոց Բանակում:
Փիլիսոփա, աստվածաբան Հարությունը չի կարծում, որ իր համար դժվար կլինի, ասում է՝ եթե լավ ես տրամադրված, ապա ամեն ինչ հարթ կանցնի: «Կարծում եմ՝ մայրիկիս համար էլ դժվար չի լինի, մայրս արդեն սովոր է իմ բացակայությանը, գրեթե 10 տարի դրսում եմ ու վստահ եմ, որ մայրս այս փորձությունն էլ կհաղթահարի»,- ասում է Հարությունը:
Նա մեկ տարի սովորելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, երկու տարի էլ որպես սպա՝ ծառայելու է Արցախում:
«Իմ ցանկությունը մեկն է, որ միայն խաղաղություն լինի: Իհարկե մենք շատ լավ գիտենք, թե ում հետ գործ ունենք, բայց ցանկացած պահի պատրաստ ենք խաղաղություն պարտադրել»,- ասում է փիլիսոփա Հարություն Աղաջանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Միշտ պետք է հիշենք, որ մեզ սպասում են». ամառային զորակոչ
- Սահմանից՝ սահման. Ոսկեպարցի եղբայրները մեկնում են ծառայության
- Բարի ծառայություն ձեզ, տղերք
- «Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
- Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»