Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նվազել է
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2017թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 93.4 հազար մարդ, որից 60.6 հազարը կանայք են, 21.7 հազարը` երիտասարդ: Գործակալության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.5%-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.7%-ը, կամ 78.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.2%-ով:
Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 65.8%-ը կամ 51.5 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7%-ը կամ 18.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.7% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 50,0% (39.2 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 40.9%-ը /16.0 հազար մարդ/:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.1%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.7%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.6%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1%:
Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.7%, 30-44 տարեկանները` 39.6%, 45-54 տարեկանները` 20.4%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.3%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 71.6 հազ. մարդ կամ 91.5%:
2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 3375 աշխատանք փնտրող /2055-ը` կին, 1084-ը` երիտասարդ, 68-ը` հաշմանդամություն ունեցող անձ և 3039-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ/:
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության /18.0%/, մեծածախ և մանրածախ առևտրի /17.6%/, սպասարկման /18.0%/ և այլ ոլորտներում են:
2017թ. տարեսկզբից տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 3718 չկրկնվող թափուր աշխատատեղ, որից 146-ը՝ նոր ստեղծվող: Թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1496: