Մեր պայքարը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է. Բալայան
«Հնարավոր է՝ Պորտուգալիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»,- այս մասին նշել է Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ այսօր ընդունելով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին։
ԱՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:
Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրնորում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացիներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:
Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր: