Արծրուն Հովհաննիսյան. Սխալ փաստարկներով, չհիմնավորված տեղեկատվություն է
«Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» են ուղարկում սահման» վերտառությամբ «Հրապարակը» ներկայացրել է Գայանե Ավետյանի նկատառումները հայկական բանակի մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ նա «ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, երեք տարի է ծառայում է Մատաղիսում։ Նա դիպուկահար է, վաշտի հրամանատար»։
Հրապարակման մեջ հնչած գնահատակնների մասին «Panorama.am»-ին մեկնաբանություն տվեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր հերթին գնահատելով դրանք որպես «ծայրից-ծայր սխալ, փաստարկներով չհիմնավորված տեղեկատվություն»:
«Նման պաշտոնյաներ չկան, նման վերանշանակումներ տեղի չեն ունեցել, որոշ հրամանատարների դեպքում անունները սխալ է նշված, բայց ազգանունները ճիշտ: Պետական պարգևների մասին է խոսք գնում, սակայն նման բան տեղի չի ունեցել: Թերթի հետ զրուցող անձնավորությունը ներկայացել է որպես դիպուկահար, վաշտի հրամանատար սահմանային զորամասում, որը այդպես չէ: Եթե զինծառայողը վաշտի հրամանատար է, այլևս չի կարող լինել դիպուկահար»,- նշեց խոսնակը: