Գոռավանում ոռոգման ջրի պատճառով հողերն անմշակ են մնում
Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչները գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ:
Նրանք նշել են, որ խնդրի պատճառով 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարի հետ գյուղ այցելած Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, նշել է, որ այդ առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն:
Նրա տեղեկացմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի անց: Արսեն Հարությունյանը նաև նշել է, որ մինչև ջրամբարի կառուցումը ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը, որով լուծում կտրվի առկա հարցին:
Նշենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ համայնքներ: