Հայաստանում կենդանական ծագման գյուղմթերքի արտադրությունն ավելացել է
Այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալներն աճել են:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ապրիլ-հունիս ամիսներին իրացվել է 23.9 հազար տոննա կենդանի քաշով միս, ինչը 5.3%-ով ավել է 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:
Այս տարի ձվի արտադրության ծավալն աճել է 0.7%-ով և կազմել 306.2 մլն հատ, իսկ կաթինը՝ 0.6%-ով և կազմել 275.8 հազ. տոննա:
Երկրորդ եռամսյակում պարենամթերքի արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21.1%-ով և կազմել 344.3 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում` պարենամթերքի ներմուծումը` 186.7 մլն. ԱՄՆ դոլար (ՍԻՖ գներով) և արտահանումը` 157.6 մլն. ԱՄՆ դոլար (ՖՕԲ գներով):
Այսպես, այս տարի ապրիլ-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից տավարի մսի ներմուծման ծավալը նվազել է 21.4%-ով և կազմել 0.6 հազ. տոննա, կարագինը՝ 15.9%-ով և կազմել 1.2 հազ. տոննա, պանրինը՝ 12.5%-ով և կազմել 0.2 հազ. տոննա, բանջարեղենինը՝ 7.8%-ով և կազմել 7.6 հազ. տոննա:
Փոխարենն ավելացել են ձվի (5.4 անգամ), շաքարի (2.4 անգամ), ալյուրի (2 անգամ), ցորենի (1.8 անգամ), թռչնի մսի (1.7 անգամ), մակարոնեղենի (46.8%-ով), մրգի (36.4%-ով), բրնձի (21.4%-ով), կաթի (19.7%-ով), բուսական յուղի (14.1%-ով), խոզի մսի (2.7%-ով) ներմուծման ծավալները:
Պարենամթերքի արտահանման ծավալներում գերակշռել է կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր ենթախմբում ընդգրկված ալկոհոլային խմիչքները:
Այսպես, երկրորդ եռամսյակում արտահանվել է 10.5 հազր տոննա կոնյակ, ինչը 15.1%-ով պակաս է 2016թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Պարենամթերքի արտահանման ծավալներում 4. անգամ նվազել է նաև մրգի արտահանման ծավալը՝ կազմելով 5.5 հազ. տոննա:
Փոխարենն ավելացել են պանրի (2.7 անգամ), հանքային ջրի (1.8 անգամ) և գինու (18.1%-ով) արտահանման ծավալները: