Հրդեհվել է Թբիլիսիի ավտոպահեստամասերի շուկան
Թբիլիսիի ավտոպահեստամասերի շուկայում անցած գիշեր ուժեղ հրդեհ է բռնկվել: Կրակի հետևանքով ոչնչացվել է մի քանի տաղավար, մի քանի ավտոմեքենա:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, դեպքի վայրում մոտ երկու ժամ աշխատել է 100 հրշեջ, 20 մարտական հաշվարկ:
«Այրվել է 1200 քմ տարածք: Հրդեհի ընթացքում պայթել են մի քանի բենզինի ու գազի բալոններ: Հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Այս պահին հրդեհի պատճառի ու վնասի չափի մասին տեղեկություններ չկան»,-հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հրդեհի փաստով քննություն է իրականացվում: Աղբյուրը նշում է, որ 2012-2017 թվականների ընթացքում Վրաստանի առևտրային կենտրոններում ու շուկաներում բռնկվել է 14 խոշոր հրդեհ: Այս տարվա ընթացքում սա երրորդ հրդեհն է: