Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է արտահայտել, ապա նշել, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայել են հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի մեր ժողովրդի վաղվա օրը։
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծել է նաև, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է։
Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված զինվորների հոգիների հանգստության համար, ապա օրհնելով որդեկորույս մայրերին՝ նրանց մաղթել նույն հայրենասիրական ոգով, որով կրթել և դաստիարակել են իրենց զավակներին, շարունակել իրենց կարևոր առաքելությունը կյանքում։
Երևանից և Գյումրիից Մայր Աթոռ ժամանած մայրերը Մայր Տաճարում նաև ներկա են գտնվել Ս. Պատարագի արարողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները