Շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում ճնշման գերազանցումը. ՇՎՏՄ
Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) իր տարեկան գործունեության ծրագրի շրջանակում այսօր Սյունիքի մարզում կազմակերպել էր իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ:
ՇՎՏՄ հանրային կապերի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ գործընկերային մոտեցումը, որը որդեգրել է տեսչական մարմինն իր աշխատանքում, գնահատելի է, և այս հանդիպումն այդ առումով կարեւոր է։
ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանի խոսքով, առաջին եռամսյակի ստուգումները և տնտեսվարողներից ստացվող հարցումները ցույց են տալիս, որ իրազեկման անհրաժեշտություն կա, այդ նպատակով էլ կազմակեպվում են տնտեսվարողների հետ այս հանդիպումները։ Նա վերջիններիս կոչ արեց տեսչական մարմինը չընդունել որպես ստուգող և պատժող մարմին։
«Պատրաստ ենք գալ, հանդիպել և օգնել Ձեզ, որպեսզի հաջորդ ստուգումներում խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Լևոն Խալիկյանը։
Նշվել է, որ շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, որն էլ երբեմն բալոնների մաշվածության պատճառով հանգեցնում է պայթյունների և մարդկային կորուստների։ Մասնագետները տնտեսվարողներին հորդորել են հետամուտ լինել խնդրին։
«Իրազեկ և պաշտանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ խոսել է հանրային վերահսկողության դերի կարևորության մասին։
«Մտածենք մեր բոլորի, մեր երեխաների առողջության մասին, ու առանց սերտիֆիկատի ապրանք մի իրացրեք։ Պահանջեք ներկրողից որակի հավաստման փաստաթուղթը։ Եթե այն առկա չէ, ոչ միայն ինքներդ մի վերցրեք ապրանքը, այլև այդ մասին բարձրաձայնեք, խնդիրը հանրայնացրեք»,- կոչ է արել Պիպոյանը։