Մահակն ու մենք

12:00 27/01/2012 » Հասարակություն

Մահակն ու մենք

Մեկ ամսից էլ ավելի է, Երևանի Կենտրոնի կանգառասրահների մոտ ճանապարհային ոստիկաները հսկում են, որ երթուղայինները ճիշտ տեղում կանգառեն: Նայում եմ, ծառայություն իրականացնող երկու ոստիկաններն անընդհատ վազվզում են ու ձեռքով շարժումներ անում` վարորդներին հասկացնելով, որ կանգառի համար նախատեսված տարածքում կանգնեն:

Նոր տարուց առաջ էր, Խանջյանից պետք է Չարենց հասնեի, թիվ 30 երթուղայինին ստիպեցին ոստիկանները ճիշտ տեղում կանգնել, հետո արդեն հսկող չկար, երթուղայինը եկավ ու ուղևորներից մեկի իջնելու համար կանգնեց համարյա Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա խաչմերուկի մոտ` Պոնչիկանոցի դիմաց: Կենտրոնից հեռու գտնվող հատվածների մասին խոսելն ավելորդ է: Ու որպեսզի իրավիճակը փոխվի, երևի պետք է յուրաքանչյուր երթուղայինում մի-մի ոստիկան նստացնել:

Տեսախցիկներն ու արագաչափերը տեղադրեցին, դրանց գտնվելու տեղի մասին հայտարարեցին, ցուցանակներն էլ կպցրեցին: Հիմա վարորդները /իհարկե ոչ բոլորը/ խախտումներ անելով գալիս հասնում են տեսախցիկի մոտ, դանդաղեցնում են ընթացքը, դառնում օրինապահ երթևեկող, անցնում են ու «գազ» տալիս, դեռ մի բան էլ բողոքում են, թե ցուցանակները տեխնիկական սարքերին շատ մոտ է տեղադրված ու իրենք չեն հասցնում ուշքի գալ:

Սահմանված տեղով չանցնող հետիոտնին հիմա կարծես թե չեն տուգանում կամ էլ նախկին առույգությամբ չեն տուգանում, հետևանքը` մարդիկ փողոցը հատում են, որտեղից իրենց հարմար է: Նույն էլ վերաբերում է կանգնած ուղևոր տեղափոխելուն:
Մեր կողքի խանութը հիմնականում ՀԴՄ կտրոն չէր տալիս: Մի քանի օր հարկադրված փակ մնալուց հետո վաճառողը ստիպողաբար ՀԴՄ կտրոնը ձեռքս էր խոթում:

Մանկապարտեզներում սկսել են սննդի, բացակայությունների հարցում ահավոր զգուշավոր լինել: Աշխատակիցներին ասել են, ամեն վայրկյան ստուգողներ կարող են գալ:

Մի քանի օր առաջ երեխայի արյան անալիզ էի հանձնում: Սովորականի պես փորձեցի վճարեմ: Լաբարատորիայի աշխատակիցը սկսեց գոռգոռալ, վայ էս ինչ եք անում, իմանան, գիտե՞ք` ինձ ի՞նչ կանեն: Սա հենց նույն կինն էր, որ մոտ մեկ ամիս առաջ ինքն էր հետազոտության համար գումար պահանջում: Այդ օրն էլ կպահանջեր, եթե չլիներ բռնվելու վախը:

Սրանք մի քանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե հասարակության մի ստվար հատված, որ դեպքում է օրինապահ դառնում: Այնպես որ պետք չէ դեռևս թուլացնել վերահսկողության ու խելամիտ տուգանքների կիրառումը, մինչև որ օրինապահ դառնալը մեզ համար առօրեական բան դառնա, սովորություն: Մի բան էլ, այդ վերահսկողությունն ու պատասխանատվության կիրառումը ճիշտ ու օրինական կլինի, եթե բոլոր խախտողների վրա տարածվի:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց