15:56 26/11/2007 » Քաղաքական

ԻՍՈՆ ՄԻԼԻՈՆ Է ԳՏԵԼ, ԻՍԿ ՄՆԱՑԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ

Հարցազրույց Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, 2008-ի նախագահական ընտրություններում  թեկնածու  նքնառաջադրված Իսրայել ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԻ հետ:

- Վայ, չեք պատկերացնի գլուխս ինչքան խառն ա, չեմ հասկանում` ի՞նչ ա կատարվում (գլուխն առնում է ափերի մեջ):

-Իսկ ի՞նչ է կատարվում
- Գլուխս խառն ա, համ էդ գումարի խնդիրը կա, հետո էլ գնացել եմ անձնագրային վարչություն, փաստաթղթերը վերցնելու: Խոստացել են, որ երկուշաբթի կտան: Էդ վարչության պետ Ալվինա Զաքարյանի մոտ էի ուզում մտնել, քարտուղարուհուն ասում եմ մի հատ մտի, ասա, որ Հակոբկոխյանն ա եկել, բայց քարտուղարուհին մերժեց, ասեց, որ պայմանավորված չեմ նրա հետ հանդիպելու համար: Ահագին բորբոքվեցի:

-Գումար հավաքե՞լ եք
-Երեկ առաջին միլիոնը ճարեցի, մնում ա 7 միլիոն էլ, որ էդ հիմնադրամի համար մուծեմ:

-Իսկ ումի՞ց եք վերցրել միլիոնը:
-Մտերիմներով հավաքվել ենք ու դրել մեր գործի համար:

-Իսկ մնացա՞ծը...
-Դե մնացածն էլ որոշել եմ ոսկե մեդալներս վաճառելուց ստանալ: Արդեն մի քանիսը զանգել հետաքրքրվել են, բայց ոնց որ հասկանում եմ իմ արյուն-քրտինքով վասատակած ոսկե մեդալներս էս մարդկանց պետք չի, որովհետև մարդիկ են եղել զանգել-հարցրել են, թե ինչքան ոսկի կա մեջը: Երևի մտածել են, որ դա կարելի է լոմի տեղ առնել: Չնայած ասել էի, որ մեդալներս արտասահմանցուն չեմ վաճառի, բայց չի բացառվում, որ վաճառեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:

-Ինչպե՞ս եք պատրաստվում դիմել Պուտինին:
-Ինտերնետով նամակ կուղարկեմ Ռուսաստանի նախագահին: Դե ես հեռուստացույց նայում եմ և տեսնում եմ, որ ինքը ժողովրդի հետ կապը լավ ա պահում: Չի բացառվում, որ ինքը էդքան էլ ծեր չի, էդքան էլ երիտասարդ չի, որ լսած չլինի իմ մասին:

-Ե՞րբ է աճուրդն անցկացվելու:
-Դե պետք է մտածեմ` ինչ ձևաչափով և որտեղ կազմակերպենք այդ պրոցեսը, որ հետո քննարկենք արված առաջարկությունները:

-Ափսոս չե՞ն Ձեր մեդալները, որ վաճառում եք:
-Ափսոս են, բայց ի՞նչ անեմ (ուսերը ցնցելով): Ես դա անում եմ հայ ազգի համար, հայ ազգի զավակների համար:

-Փաստորեն Դուք կատակ չեք անում, լուրջ մտադրությւոն ունեք դառնալ Հայաստանի նախագահ:
-Վաաաա~յ, ես անլուրջ մարդու տպավորությո՞ւն եմ թողնում, չեմ հասկանում:

-Լավ այդ դեպքում, ո՞րն է նպատակը, որ նախագահ եք ուզում դառնալ, ո՞վ է Ձեզ խորհուրդ տվել դառնալ նախագահի թեկնածու:
-Իմ խիղճն ու իմ հոգին են ինձ խորհուրդ տվել: Բացի այդ, էսօրվա իրողություննն է ստիպել, քանի որ համատարած սուտ է ու կեղծիք, իսկ դա ավելի շատ առաջին դեմքերից է գալիս: Չեմ ուզենա, որ իմ երեխաները մեծանան եվրոպացի, իսկ եվրոպացու համար ազգություն, երկիր, հայրենիք չկա: Գեղեցիկ խոսքեր են ասում, թե տնտեսական աճ ա տեղի ունենում, բայց ես էսօր միայն աճ տեսնում եմ միայն հոգեվաճառության ու մարմնավաճառության բնագավառում: Ուրիշ տեղ ես աճ չեմ տեսնում: Քաղաքում բարձրահարկ շենքեր են շինում, բայց էդ ո՞ւմ համար ա: Եթե հասարակ ժողովրդի համար ա, ես ուրեմն կույր եմ, չեմ տեսնում: Էսօրվա իրականության մեջ ստիպում են կեղծել, քծնել անարժան տգեղ բարքերին:

-Լավ, այսօրվա դրությամբ իրենց նախագահի թեկնածուներ հայտարարած գործիչներից ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից:
-Բոլորին էլ համարում եմ, որովհետև ոչ մեկին էլ չի կարելի թերագնահատել: Էսօր ում ձեռը հանարվորություն կա, փորձում են իրենց գովաբանել ու ներկայացնել անհաղթ: Մի՞թե կարելի է անհեռատես գտնվել և մտածել, որ մարդը փոխվել է էությամբ: Էսօր որ մարդիկ սոցիոլոգիական հարցումներով, էֆիրներով իրենց ներկայացնում են, հո դա իրականությունը չի՞:

-Վստահ եք, որ կհաղթե՞ք:
-Չգիտեմ, տեսնենք: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ չհաղթեցի, որովհետև այն ժամանակ փողի կռիվ էր: Բայց ես էդ ժամանակ հաղթողի կերպարով հանդես եկա, որովհետև համոզվեցի, որ իմ ազգի մեջ առանց որևիցե փողի, մի տեղամասում 5600 ձայն ստացել եմ: Ու էդ ամեն ինչը էդքան վախի պայմաններում, որ համակենտրոնացման ճամբարներում ոնց ա` մարդկանց ստիպելով բերում էին քվեարկության ու փողեր տալիս: Ուրեմն մեր երկրում դեռ ամեն ինչ չէ, որ կորած է:

-Ի՞նչ երաշխիք ունեք, որ նույն կաշառքները չեն կրկնվի:
-Վաաաաա~յ, էս ինչ եք ասում, երանի եմ տալիս, որ ես մասնակցեմ ընտրություններին ու այդ երևույթը թող կրկնվի: Ու դուք կտեսնեք ես ոնց կկարողանամ կոնսոլիդացնել էդ ինքնահավան մարդկանց:

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու ձեր հնարավորությունները:
-Այ էդ հարցին չեմ կարող պատասխանել, թող հըլը մասնակցեմ, այն ժամանակ կերևա: Ոչ մեկին հետս չեմ վերցնելու քարոզարշավին, մենակով սաղ հանրապետությունում ման եմ գալու: Էդ մի ամիս ժամանակը ինձ կհերիքի մարդկանց հետ խոսել:

-Ինչո՞ւ չեք միանում քաղաքական ուժերից որևէ մեկին և նրա թեկնածուին պաշտպանում:
-Եթե մի բան չեմ հասկանում, ինչ գործ ունեմ դրա մեջ մտնել: Ես չեմ հասկանում ընդդիմություն-դիմություն ինչ բան է: Եթե դուք կարողանաք ինձ ասել, ապա միգուցե դրա մասին սկսեմ մտածել:

-Ովքե՞ր են լինելու Ձեր թիմում:
-Լինելու են ինքնասեր մարդիկ, ովքեր պատրաստ են զոհաբերությունների, բայց ոչ թե պատրաստ են հոգին կամ մարմինը վաճառելու: Իսկ նման մարդիկ շատ կան: Էսօր ինչն ա հայ ազգի մեջ շատ` խելացի ու գրագետ մարդիկ, դրանք էլ կկազմեն իմ թիմը:

-Արդեն մշակե՞լ եք Ձեր նախընտրական ծրագիրը:
-Ես ծրագիր չեմ ունենալու, ոչ էլ բուկլետներ եմ տպագրելու: Իմ միակ ծրագիրը լինելու է ամեն ինչ Հայաստանի ու հայ ազգի համար: Իսկ թե դրան ոնց կհասնեմ, մի հարյուր ձևի ճանապարհ կա: Ամենակարևոր բանը լինելու է այն, որ հայ ազգի մարդը ունենալու է մի հայրենիք`Ղարաբաղն ու Հայաստանը միասին: Քարոզարշավի ժամանակ ներկայացնելու եմ ինձ ու իմ անելիքն եմ բացատրելու մարդկանց:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Զրուցեց` Հասմիկ Համբարձումյանը

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց