ՄԱԿ-ՈՒՄ ԼՂ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` նախօրեին տեղի ունեցած 62-րդ նստաշրջանում քվեարկության է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագիծը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, Հայաստանը և մի քանի այլ երկրներ` ընդհանուր առմամբ 7 երկիր, նախագծին դեմ են քվեարկել, կողմ է քվեարկել 39 երկիր, 150 անդամ երկիր ձեռնպահ է քվեարկել կամ ընդհանրապես չի քվեարկել: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն օրինագիծը վերնագրել է այսպես` «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների անունից ելույթ ունենալով նիստում, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Վուլֆը հայտարարել է, որ իրենք չեն աջակցում այդ բանաձևին: Համանախագահների կարծիքով, փաստաթուղթը չի արտացոլում հակամարտության բոլոր մոտեցումները, որոնք 2007-ին առաջարկվել են Մինսկի խմբի կողմից «հավասարակշռված փաթեթի» տեսքով: «Ցավոք սրտի, մեզ ներկայացված բանաձևում ընտրովի ներկայացված է այդ սկզբունքների միայն մի մասը: Մյուս մասը հանված է: Հաշվի առնելով նման ընտրողական մոտեցումը, մեր երեք երկրները ստիպված են դեմ արտահայտվել այս միակողմանի փաստաթղթին»,-ընդգծել է Ա. Վուլֆը:
«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից մեսսիջ ստացավ: Կազմակերպության անդամների մեծ մասը միակողմանի մոտեցում ցուցաբերեց»,-հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նախագիծը որակել է որպես երկիմաստ: «Մի կողմից նախագիծը ներառում է մի պարբերություն, որով աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի գործընթացին, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը վնասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների դիրքերը: Համանախագահող երկրների հստակ ասել են, որ չեն աջակցելու բանաձևին և փաստորեն դեմ են քվեարկել նախագծին: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե հետո ի՞նչ է անելու Ադրբեջանը»,-ասել է նա:
Նա ընդգծել է, որ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագիծը, միջազգային հանրությունը ցույց տվեց իր աջակցությունը բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթի (որը ներառում է հելսինկայն երկու կարևոր դրույթներ` մարդու ինքնորոշում և տարածքային ամբողջականություն) հիման վրա բանակցությունները շարունակելու գործին: «Այս փաստաթուղթը Ադրբեջանին և Հայաստանին առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է տալիս»,-ասել է Վ. Օսկանյանը:
Հիշեցնենք, որ բանաձևում լուրջ մտահոգություն է արտահայտված առ այն, որ իբր «Ադրբեջանի Հանրապետության ԼՂ մարզում և դրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է վտանգ ստեղծել միջազգային հանրության և նրա անվտանգության համար և բացասաբար է անդրադառնում Հարավկովկասյան երկրների հումանիտար իրավիճակի վրա»:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում ստեղծված դրությունը, և չպետք է նպաստի այդ իրադրությանը»,-ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի, գրված է ընդունված բանաձևում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին