18:28 26/01/2009 » Քաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման հետ կապված իր դիտարկումները Panorama.am-ին է փոխանցել Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը:


Այս հունվարը, պարզվեց, ակտիվ է լինելու. հունվարի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանին ձայնից զրկելու մասին հարցի քննարկումը, հունվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀՀ և ԱՀ նախագահների հնարավոր հանդիպումը, հունվարի 29-ին ԵԽ վերջնական որոշումը Հայաստանի մասին:

Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնից զրկելու հանգամանքն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը փոխկապակցված են: Նմանատիպ իրավիճակ էր 1999 թ.-ի վերջերին, երբ Հայաստանյան ներքին գործընթացները կապվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Այն ժամանակվա պես, հիմա էլ արմատական ընդդիմությունը չի համագործակցում իշխանության հետ, և առկա է հասարակական երկփեղկվածություն: Արդյունքում 1999 թ.-ին արձանագրեցինք մեկ քայլ նահանջ` Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ներկայիս ռեգիոնալ ու գլոբալ քաղաքական գործընթացների ժամանակաշրջանում նահանջներ պետք չեն: Պետք է հստակ կողմնորոշվել` ինչպե՞ս դուրս գալ այս ճգնաժամից, առավել ևս հիմա, երբ այդ գործընթացները բաց են:

Կան մի շարք հանգամանքներ, համաձայն որոնց, Հայաստանը կարող է չզրկվել ԵԽԽՎ ձայնի իրավունքից: Իսկ եթե անգամ ԵԽ-ը ձայնի իրավունքից չզրկի Հայաստանին, որը ենթադրվում է, որ կբերի ԼՂ հարցում հայկական կողմի զիջումների, ապա այս պարագայում էլ Հայաստանը կարող է բացարձակապես չգնալ այդ զիջումներին: Ստորև` նկատառումներս.

1-ին, Հայաստանին կորցնելու Եվրոպայի մտահոգությունը. Ձայնի իրավունքից զրկումը Եվրախորհրդի կողմից կլինի անհաշվենկատ ու չտրամաբանված քայլ: Կովկասում Եվրոպայի համար այլ արդյունավետ գործընկերներ չկան: Վրաստանում Եվրոպան պասսիվ ներկայություն ունի, իսկ հնարավոր մերձեցումը նրա հետ կրկին հարցականի տակ է դրվում` հաշվի առնելով Վրաստանի օգոստոսյան հեղինակազրկումը: Ադրբեջանի, թերևս, ավտորիտար կառավարման ձևն ու վերջերս արտասահմանյան լրատվամիջոցների փակումը խիստ հարցականի տակ են դնում նաև նրա հետ Եվրոպական համագործակցությունը: Ձայնից զրկելով` Եվրոպայի դիքերն էապես կթուլանան Հայաստանում, ուստի` և ռեգիոնում: Իսկ հաշվի առնելով Թուրքիայի օրենսդրական ու այլ համակարգերի ժողովրդավարական տեսանկյունից անկատարությունը` դրանով հանդերձ Թուրքիայի ԵՄ թեկնածության փաստը, տարածաշրջանում կզարգանա հանրային դժգոհությունը Եվրոպական ինստիտուտների նկատմամբ. նրանց քաղաքականությունը կբնութագրվի` որպես «երկակի ստանդարտների քաղաքականություն»: Արդյունքում, Եվրոպան էապես կկրճատի իր հեղինակությունը տարածաշրջանում:

2-րդ, Եվրոպա-Ռուսաստան մրցակցությունը. Եթե ԵԽ-ը զրկի Հայաստանին ձայնի իրավունքից, Ռուսաստանը կբարձրացնի հեղինակությունը ռեգիոնում` ԼՂ հակամարտության կարգավորման բնագավառում ու, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. Դիցուք ԵԽԽՎ փոխխոսնակ Կոնստանդին Կոսաչևի հայտարարությունը ԵԽԽՎ նիստում Հայաստանին պաշտպանելու մասին: Ուստի Եվրախուրհուրդը դժվար թե կատարի այս քայլը, առավել ևս, երբ Ռուսատանն արդեն բարձրացրել է իր իմիջը նոյեմբերին Մոսկվայում: Հայաստանն այս առումով կարող է օգտագործել Ռուսաստան-Եվրոպա մրցակցությունը և չգնա որևէ զիջման Ղարաբաղյան հարցում:

3-րդ, ԱՄՆ հնարավոր աջակցությունը Հայաստանին. Չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ ԵԱՀԿ Մինսկի Համանախագահության մեջ ԱՄՆ ունի իր հստակ դիրքը: Որպեսզի կոնպենսացնի Վրաստանի օգոստոսյան հեղինակազրկման և Մոսկովյան հանդիպման արդյունքում ռուսական իմիջի բարձրացումը, ԱՄՆ-ը, թերևս, պատրաստ կլինի հայանպաստ դիրքորոշում բռնել: Ավելին, երբ Ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը ենթադրվում է, որ պետք է ելնի 1/ արժեքայինի գերակայության ու տնտեսականի երկրորդայնության սկզբունքից, 2/ ռեգիոնալ բալանսի պահպանման դասական սկզբունքից: Ադրբեջանի կողմից լրատվամիջոցների փակումն այս առումով ավելի է ամրացնում ամերիկյան հայանպաստ քաղաքականության մասին թեզս: Նաև հաշվի առնելով Միացյալ Նահանգների նոր նախագահի խոստումը Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման մասին, հայ մեծ համայնքի սպասումները նրանից ու խոստման իրագործման դժվարությունը` ԱՄՆ-ը դեկլարատիվ հայնապաստ դիրք կբռնի Հայկական կողմի նկատմամբ մի որոշ ժամանակ:

Նշված գործոնների առկայությունն ու դրանց օգտագործումը Հայաստանի կողմից թեև տակտիկական բնույթ ունեն, բայց կապահովեն նրան ինչպես ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկման վտանգից, այնպես էլ ԼՂ հարցում հնարավոր կորուստների սպառնալիքից:






Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց