«Քայլ ձիով»` հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ամենացանկալի սցենար
Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայացել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ թվով 5-րդ համահամայնքային քննարկումը, որին մասնակցել է շուրջ 140 մարդ:
Նշենք, որ նախորդող երկու օրերին համանման քննարկումներ կազմակերպվել էին Արտաշատ, Եղեգնաձոր, Սիսյան և Մարտունի քաղաքներում: Քննարկումների նախաձեռնող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը նշել է, որ իրենք նախապես դիմել էին մարզպետարաններ, տեղի հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կազմակերպություններին, որպեսզի հրավիրվելիք քննարկումներում ներգրավվեն մարզի բնակչության բոլոր շերտերը` ըստ տարիքի, սեռի ու սոցիալական կարգավիճակի: Ընդունված ձևաչափի համաձայն` քննարկումներն ընթացել են տարբեր սեղանների շուրջ` հետևյալ թեմաներով.
1. Լուռ ապաշրջափակում
2. Բաց սահման պահանջատերերի միջև
3. Արևմտյան ճակատում` անփոփոխ
4. Շահումն ու շահողը` անհայտ
5. Քայլ ձիով
Քննարկման ընթացքում հնչել են 214 կարծիքներ և առաջարկներ, որոնք արտացոլվել են կենտրոնական էկրանին: Քննարկումների ավարտից հետո մասնակիցները քվեարկել են հետևյալ երկու հարցի շուրջ`
• Հայաստան–Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի
• Հայաստան–Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական:
Քվերակության արդյունքների ամփոփից հետո պարզ է դարձել, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ամենացանկալի սցենար է ընտրվել «Քայլ ձիով»-ը, որի օգտին քվեարկել է 59 հոգի: Նշված թեմայի շրջանակներում առաջարկվող սցենարը ենթադրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և երկխոսության սկիզբը կհանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը: Նախադրյալներ կստեղծվեն նաև տնտեսության զարգացման և առողջ տնտեսական մրցակցային հարաբերություններ ստեղծելու համար` կապված տարածաշրջանում միջազգային կորպորացիաների կողմից արվող ներդրումների հետ: Իսկ 24 հոգի էլ առավել հավանական են համարել «Լուռ ապաշրջափակում» սցենարի իրականցումը, ըստ որի, Թուրքիայի կողմից Հայասատնի ապաշրջափակումից հետո կսկսվի հայ-թուրքական երկխոսության գործընթացը: Չնայած միջազգային հանրությունը դա կդիտի որպես առաջընթաց, բայց այդ երկխոսությունը իրական տեղաշարժեր չի առաջացնի ու կընթանա բավական լարված մթնոլորտում:
Հիշեցնենք, որ քննարկումների կազմակերպման գործում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ին աջակցում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը: Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկման հաջորդ վայրն այսօր լինելու է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը: