18:45 05/02/2010 » Քաղաքական

Բաքվի խուճապն ու ադրբեջանական բանակի մարտունակության միֆը

«Բաքվի մետրոպոլիտենում գնացքները 10-15 րոպե ուշանում են…»,
«Բաքվի օդանավակայանն ի վիճակի չէ չվերթներ սպասարկել, Բաքու ուղևորվող ինքնաթիռներն ուղարկվել են Գյանջա…»,
«Բաքվից Իսմաիլ, Գաբալա, Գախա, Շեքի, Գուբա և այլ ուղղություններով հանրապետական նշանակության ճանապարհներով երթևեկությունը դադարեցվել է…»,
«Բաքվի միջնակարգ դպրոցներում դասերն այսօր չեղյալ են հայտարարվել…»,
«Բաքվի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են…»,
«Բաքու-Թբիլիսի և մի շարք այլ չվերթներով գնացքների ուղևորությունը հետաձգվել է…»,
«Բաքվում մի շարք քաղաքացիներ կոտրվածքներով դիմել են հիվանդանոց…»,
«Բաքվում փետրվարի 5-ին նշանակված դատական լսումները հետափձգվել են…»,
«Ֆուտբոլային «Բաքու» թիմը հետաձգել է մարզումները…»,

Վերը նշվածն ադրբեջանական լրատվական գործակալությունների այսօր տարածած հաղորդագրությունների հակիրճ ցանկն է: Հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող այս տեղեկատվության մեջ երկու ընդհանուր բան կա. դրանց բոլորի դեպքում իրադարձությունների կենտրոնը Բաքուն է, և բոլորի դեպքում պատճառը տեղացած ձյունն է: Միանգամից նշենք` գործ ունենք ոչ թե տարերային աղետի հետ, այլ սովորական տեղումների:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք ծավալուն ֆոտոռեպորտաժներ են ներկայացրել Բաքվի ձյունապատ փողոցներից, արձանագրել են, որ ոչ մի տեխնիկա չի աշխատում: «1նյուզ.ազ»-ի փոխանցմամբ` հարյուրավոր բաքվեցիներ սեփական ձեռքերով են պայքարում փողոցների ու բակերի անցանելիությունն ապահովելու համար:

Բաքվում ստեղծված խուճապային վիճակը բավականին հետաքրքիր է ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության ֆոնին: Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ փողոցներն ու ճանապարհները մաքրվում են: Ըստ որում` ծանուցել են, որ միայն վերջին 3 տարում Ադրբեջան է ներկրվել 1000 միավոր ձյուն մաքրող տեխնիկա: Մինչդեռ, եթե այս քանակության տեխնիկան գործարկվեր (դեռ չհաշված ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած և մինչև այդ ներկրած տեխնիկան), Ադրբեջանի բոլոր ճանապարհները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 30 000 կմ, կարելի էր մաքրել 1-1.5 ժամում: Սակայն դա չի արվել: Որովհետև տեխնիկան իրականում չկա: Փաստաթղթով` այո, իրականում` ոչ: Արդյունքը` շուրջ 12 ժամ շարունակ շարքից դուրս եկած ենթակառուցվածքներ:

Հիմա փորձենք երևույթը պրոյեկտել ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Ավելի ճիշտ` դրա մեկ առանձին ասպեկտի` Ադրբեջանի իշխանությունների հիստերիկ ռազմատենչության ու պաշտպանական ծախսերի մասին ինքնագոհ հայտարարությունների վրա: Այս դեպքում պետական միջոցների արդյունավետ օգտագործման ցուցանիշները բանակում տասնյակ ինքնասպանությունների, զանգվածային սպանությունների, փախուստների, սեփական զենքից վիրավորվելու և մյուս արտակարգ պատահարներն են:

Հետևությունը մեկն է` չնայած հատկացված միջոցների չափերին ու ծավալներին, ավելին` տարբեր պաշտոնյաների ինքնագոհ հայտարարություններին, ադրբեջանական որևէ գերատեսչություն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց