Ադրբեջանում նաև «Եվրոնյուզ»-ին են գրաքննում

17:28 09/02/2010 » Մեկնաբանություններ

Ադրբեջանում նաև «Եվրոնյուզ»-ին են գրաքննում

Ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը երեկ տարածել է տեքստ, որն աղբյուրը վերնագրել է որպես «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված Իլհամ Ալիևի հարցազրույցի ընդլայնված տարբերակ:

Հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տեքստը, բավական է միայն ասել, որ այն Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժի սղագրությունն է, որտեղ Իլհամ Ալիևի ու «Եվրոնյուզ»-ի թղթակցի պատկերի ֆոնին հեռուստաընկերության մեկնաբան Իբրահիմ Մամեդովը մեկնաբանում է նախագահ Ալիևի պատասխանները: Ընդ որում, «ընդլայնված տարբերակը» ծավալային առումով մոտ 3 անգամ գերազանցում է «Եվրոնյուզ»-ով հեռարձակված բնօրինակին:


Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչության աշխատակիցները սեփական ժողովրդի մասին շատ վատ կարծիքի են: Նրանք երևի վստահ են, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևի ուղիղ խոսքից ոչինչ չի հասկացվել, և անհրաժեշտ են համարել, որպեսզի Իբրահիմ Մամեդովը լրացուցիչ մեկնաբանություններով մարդավարի բացատրի, թե ինչ էր ուզում ասել նախագահ Ալիևը:


Սակայն ամենևին էլ կարևոր չէ, թե Իլհամ Ալիևն ու իր քարոզիչներն ինչպես են վերաբերվում սեփական ժողովրդին, մանավանդ, որ հենց նույն «Եվրոնյուզ»-ի եթերից Իլհամ Հեյդարիչը պնդում էր, որ իր ժողովուրդը կուշտ է, ոչ մի իրավունքի մասին չի մտածում ու պահանջում է, որ ինքը ցմահ կառավարի:


Իսկ ահա այն, որ «ընդլայնված տեքստի» հեղինակներն կեղծիք են թույլ տվել, դա արդեն անթույլատրելի է: Որ Իլհամ Ալիևի հայտարարությունները խմբագրվել, սրբագրվել ու հարթեցվել են, ոչ մի խնդիր չկա: Իրենց գործն է: Իսկ այն, որ խմբագրվել ու խեղաթյուրվել են նաև «Եվրոնյուզ»-ի թղթակցի հարցերը, իսկ որոշ դեպքերում անգամ` օտարերկրյա պետությունների ղեկավարների պաշտոնական հայտարարությունները, սա արդեն լկտիություն է: Էլ ավելի ծիծաղելի է, որ այդպիսի անլուրջ պահվածքով աչքի է ընկնում հենց նախագահ Ալիևը:


Ընդամենը մեկ օրինակ բերենք: «Եվրոնյուզ»-ի պաշտոնական կայքում զետեղված տեքստում ու տեսահոլովակում թղթակիցը հարցնում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում զիջումներ հնարավո՞ր են»: Իլհամ Ալիևը պատասխանում է. «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու ոչ մի մեխանիզմ կամ ընթացակարգ չի կիրառի, որոնք կհանգեցնեն նրա անջատմանը: Լուծումներից մեկը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը: Մենք բոլորս դրկիցներ ենք… Մեզ մոտ հայեր են ապրում, Հայաստանում` ադրբեջանցիներ: Նախկինում էլ այստեղ խնդիրներ չեն եղել: Այնպես որ` հաշտեցումն ուղղակի անհրաժեշտություն է… և դրանից հետո, բնականաբար, կարող են շփումներ սկսվել, և կտեսնենք, թե ինչպիսին կարող է լինել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»: (Այս պատասխանին կանդրադառնանք- Ա.Մ.)




Իսկ ահա Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության տարբերակում` նույն հարցազրույցի նույն հատվածում Իբրահիմ Մամեդովի բերանով Իլհամ Ալիևին վերագրվում է այսպիսի ձևակերպում. «Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնորոշման հարցին, կարող եմ ասել, որ հայերն արդեն ինքնորոշվել են: Նրանք պետություն ունեն` Հայաստանը: Մոտ 200 տարի առաջ տարածաշրջանի տարբեր ծայրերից Լեռնային Ղարաբաղում հայերի բնակեցման փաստը չի ենթադրում, որ նրանք կարող են Ադրբեջանի պատմական հողերում երկրորդ հայկական պետությունը ստեղծել: Եթե այդ տրամաբանությանը հետևենք, կստացվի, որ աշխարհում կարող են հայտնվել 10 կամ ավելի հայկական պետություններ, քանի որ հայերն ապրում են աշխարհի տարբեր ծայրերում: Ուստի Ադրբեջանի միջազգայնապես ճանաչված պատմական հողերում երկրորդ հայկական պետության ստեղծման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ադրբեջանը երբեք չի համաձայնի որևէ մեխանիզմի կամ ընթացակարգի, որ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախությանը կամ Ադրբեջանի կազմից նրա դուրս գալուն: Դա քննարկման թեմա չէ»:


Տարբերությունն ակնհա՞յտ է: Անկասկած: Կնշանակի` Իլհամ Ալիևն ու նրա քարոզիչները «Եվրոնյուզ»-ի անունն օգտագործում են երկրի ներսում նպաստավոր քարոզչություն իրականացնելու համար: Սա նշանակում է, որ Ալիևի ասածներն այլևս լուրջ չեն ընկալվում անգամ սեփական հասարակության կողմից: Սեփական ժողովրդին որևէ բան հայտնելու համար, պարզվում է, Ալիևին արդեն անհրաժեշտ են ավելի օբյեկտիվի համարում ունեցող հարթակներ: Մնում է իմանալ, թե այդ գործելակերպի վերաբերյալ ինչ կարծիք ունեն այդ լրատվամիջոցները, այս դեպքում` կոնկրետ «Եվրոնոյւզ»-ը:


Նկատենք, որ ադրբեջանական գրախոսությունը վերաբերում է «Եվրոնյուզի» հարցազրույցի ողջ տեքստին, իսկ Ալիևի ցմահ թագավորելու մասին բանավեճի հատվածն ընդհանրապես հանված է տեքստից:

Հեղինակ` Ա.Մ.
Նախորդող

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց