Քլինթոնի հանդիպումը հայկական կազմակերպությունների հետ չի կայացել

17:33 09/02/2010 » Քաղաքական

Քլինթոնի հանդիպումը հայկական կազմակերպությունների հետ չի կայացել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ամերիկահայ լոբբիստական կազմակերությունների ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումն այսօր չի կայացել: Այն հետաձգվել է անորոշ ժամանակով:

Armenian Weekly-ն, վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը, հաղորդում է` հանդիպումը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով: Վաշինգտոնում անցած շաբաթավերջին տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով մայրաքաղաքում ծանր իրավիճակ է ստեղծվել:

Նշենք, որ պետքարտուղարը հանդես էր եկել հայկական կազմակերպությունների հետ արձանագրությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

Հանդիպմանը հրավիրվել են մասնակցելու Ամերիկայի հայկական համագումարը, Համահայկական բարեգործական միությունը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, «Վարդանանց ասպետներ», Ամերիկայի ազգային հայկական կոմիտեն: Վերջինս տեղյակ էր պահել, որ հանդիպմանը չի մասնակցելու:

«Ասպարեզի» տեղեկություններով, ստանալով փետրվարի 9-ին Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելու առաջարկը և ծանոթանալով հրավիրվածների ցուցակին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը պետքարտուղարին հորդորել է վերանայել կազմը:

«Այն, որ հանդիպման համար ընտրվել են ամերիկահայության մի քանի լիդեր, մասնավորապես նրանք, ովքեր ամերիկյան դիվանագիտության կոնկրետ այդ հարցում արտահայտում են ակնհայտորեն փոքրամասնություն կազմողների դիրքորոշումը, չի համապատասխանում համայնքի հետ ազնիվ, բաց երկխոսություն հաստատելու վարչակազմի, եւ ոչ էլ մեր հավաքական տեսակետը երկրի ղեկավարներին ներկայացնելու նպատակներին»,- նշել է Քեն Խաչիկյանը Քլինթոնին հասցեագրված նամակում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց