«Ջավախքում արտագաղթը մեծ խնդիր է»
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը և ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Թամարա Վարդանյանը, «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և փորձագետ Ռոբերտ Թաթոյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ քանի որ այսօր Վրաստանի իշխանություններն անընդհատ ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, լեզվական, հոգևոր և մի շարք այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով այսօրվա սեմինարը միտված է բարձրաձայնելու ջավախքահայության առջև ծառացած խնդիրնռրը:
«Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը»,- ասաց նա։
Նա նշեց, որ առաջնահերթ պահանջում են Ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցում, հայոց լեզվին` հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, ինչպես նաև Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի և հայ տաճարների վերադարձման խնդրի լուծում:
«Նորավանք» ԳՀԿ փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը, խոսելով վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մասին, նշեց, որ վերջին տարիներին թիֆլիսահայ համայնքն ավելի շատ բռնել է ուծացման ճանապարհը, քան արտագաղթի:
«Ջավախքում ուծացման տենդենցն այնքան մեծ չէ, որքան արտագաղթը, իսկ թիֆլիսահայ համայնքի պարագայում այն ավելի ուժեղ է: Ջավախքում արտագաղթն այսօր մեծ խնդիր է»,- հավելեց նա։