Հայոց ցեղասպանության թեման` համաշխարհային լրահոսի առանցքում

17:18 05/03/2010 » Քաղաքական

Հայոց ցեղասպանության թեման` համաշխարհային լրահոսի առանցքում

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որպեսզի համաշխարհային մամուլը,  ամենաազդեցիկ գործակալությունները, հեռուստաընկերություններն ու պարբերականները, անդրադառնան Հայոց ցեղասպանության խնդրին:

Մինչ դրանցից առանձին նմուշներ ու մեջբերումներ ներկայացնելը, նկատենք, որ նախորդիվ ևս Հայոց ցեղասպանության թեման չի շրջանցվել աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցների ուշադրությունից: Սակայն նախկինում դրա համար ինֆորմացիոն առիթ էին ծառայում միայն Մեծ եղեռնի հիշատակի օրը` ապրիլի 24-ին տեղի ունեցող իրադարձությունները, ինչն ըստ էության պայմանավորված էր բուն պատմական փաստին անդրադառնալու դրդապատճառով: Իսկ ահա նախրոդ տարվանից սկսած աշխարհի ուշադրությունը խնդրին սևեռվում է հիմնականում մեկ այլ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով: Այսօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Երևանի նախաձեռնությամբ մեկնարկած քաղաքական այդ գործընթացը մեծ նպաստ է բերել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման, տեղեկատվության տրամադրման հարցում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ թե 2009 թվականի ապրիլին թե նույն թվականի հոկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների էության, Հայոց ցեղասպանության իրողության, Անկարայի ժխտողականության վերաբերյալ համաշխարհային մամուլի անդրադարձները (նախորդ տարվա ապրիլին ու հոկտեմբերին նշված խնդիրների շուրջ հրապարակումներ են պատրաստել 1500-ական լրատվամիջոցներ) մեծ մասամբ պայմանավորված էին հենց ընթացիկ պրոցեսով:

Դատելով ամենայնից` «ճանապարհային քարտեզի» հրապարակումից և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ԱՄՆ Կոնգրեսի որոշումը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ փաստն է, որը Հայոց ցեղասպանության խնդրին զանգվածաբար անդրադառնալու առիթ է դառնում: Իհարկե, դժվար է` առանց լուրջ հետազոտությունների խոսել այդ անդրադարձերի ազդեցության մասին, սակայն առանց դրա էլ կարելի է պնդել, որ տեղեկատվական-իրազեկման առումով վերջին մեկ տարում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել և այդ ամենն առաջին հերթին հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքում:

Այժմ անդրադառնանք վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ եղած անդրադարձերից մի քանիսին:

Փաստն առաջինը տարածողներից մեկը «The Associated Press» գործակալությունն էր: «Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը» վերնագրով հաղորդագրությամբ գործակալությունը տեղեկացրեց Կոնգրեսում կայացած քվեարկության արդյունքների մասին: Այս լուրին «Ասոշիեյթեդ փրեսը» կցել էր նաև այն հաղորդագրությունը, որով տեղեկացվում էր վերջին պահին Օբամայի վարչակազմի ճնշումների և հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի սկզբունքայնության մասին: Առանձին լուրով գործակալությունը տեղեկացրել է նաև Թուրքիայի` դեսպանին ետ կանչելու որոշման մասին:

Ամերիկյան «The Hill» պարբերականը «Ցեղասպանության բանաձևը Պալատի հանձնաժողովի ընդունումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին» վերնագրով հրապարակման մեջ ներկայացնում է Կոնգրեսի հանձնաժողովի քննարկումների ընթացքը, քվեարկության արդյունքներն ու նշում. «Բանաձևը Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որակում է ցեղասպանություն»: Թերթը նաև մեջբերում է Հովարդ Բերմանի դիտարկումը. «Ինչ որ պահի բոլոր երկրները պետք է հաշվի նստեն սեփական անցյալի հետ, ինչն էլ պահանջում ենք մենք Թուրքիայից»:

«The Guardian»-ը «Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիան անարդար է համարում» հոդվածում անդրադառնում է Կոնգրեսի քննարկումներին, քվեարկությանն ու թուրքական կողմի սպառնալիքներին և մեջբերում է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի խոսքերը. «Սա կարևոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունները կանխելու գործում»:

«Al jazeera» համաարաբական հեռուստաընկերությունն իր` «Թուրքիան դատապարտում է Ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի քվեարկությունը» ռեպորտաժում ևս պատմում է Կոնգրեսում կայացած քննարկումների մասին` ներկայացնելով Հովարդ Բերմանի անկեղծ դիտարկումն, ով ընդունում է, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր ու հավատարիմ դաշնակիցն է, բայց «ոչինչ չի արդարացնում Թուրքիային, որպեսզի նա աչք փակի Հայոց ցեղասպանության իրողության վրա»:

Քանի որ մամուլի միջոցների անդրադարձերը գրեթե կրկնվում են` ներկայացնելով Կոնգրեսի քննարկումների առանձին դրվագներ, պաշտոնական Անկարայի հնչեցրած սպառնալիքներն ու դրանց էֆեկտի բացակայությունը, ընթերցողին առաջարկում ենք մի քանի հղումներ, որոնք կօգնեն ծանոթանալ թեմայի վերաբերյալ աշխարհում եղած անդրադարձներին:

The Financial Times
«ԱՄՆ-ում քվեարկությունից հետո Թուրքիան հետ է կանչել դեսպանին»
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը փորձություն է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար»
«Քվեարկությունը տապալեց Թուրքիայի հարցում Օբամայի ռազմավարությունը»

CNN
« Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությունից հետո Թուրքիան ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին»

Ksee 24 News
«Տեղի հայ առաջնորդներն արձագանքում են Ցեղասպանության բանաձևի ընդունմանը»

The Examiner
«Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին»

The World News
«Ցեղասպանության հարցի քննարկումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին»

USA News
«Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության հարցով Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին»

National Public Radio
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»

The Wall Street Journal
«Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»

The Bostonm Globe
«Ցեղասպանության քվեարկությունը ցասում է առաջացրել»

The Washington Post
«Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին»

The Daily Mail
«ԱՄՆ-ի քվեարկությունը և հայերի կոտորածները ցեղասպանությունը որակելը նյարդայնացրել են Թուրքիային»

The Jerusalem Post
«Թուրքիան օգնության համար չդիմեց Իսրայելին»

Bussiness Week
«Ի պատասխան Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությանը` Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»

The Los Angeles Times
«Պալատի հանձնաժողովը չնչին առավելությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»

BBC
«Գլուխ գլխի. արդյո՞ք հայերի ջարդերը ցեղասպանություն էին»

The Times
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»

USA Today
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»

The New York Times
«Պալատի հանձնաժողովը պնդում է` հայերի կոտորածը ցեղասպանություն է»

Xinhua
«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության արդյունքում Թուրքիան Կովկասում կայունության ռիսկեր է տեսնում»

The Times of India
«Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին»

The Miami Herald
«Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը»

Fox News
«Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հորդորում է հայոց ցեղասպանության բանաձևի հարցում սպասել»

Reuters
«ԱՄՆ-ի հայոց ցեղասպանության քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային»
«Ցեղասպանության օրենքի պտճառով Թուրքիան ԱՄՆ-ից հետէ կանչում դեսպանին»

Financial Channel
«Հայերը ողջունում են թուրքերի իրականացրած ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ բանաձևը»

RTÉ Ireland's National Television and Radio Broadcaster
«Ցեղասպանության պատճառով Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչում իր դեսպանին»
«Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»


Համաշխարհային մամուլի անդրադարձերն այսքանով չեն սահամանափակվում, ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության թեմային անցնող 24 ժամում աշխարհում հրապարակվել է մոտ 5000 լուր, որոնցում գրեթե նույնությամբ կրկնվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը պատմական իրողությունը ճանաչել է ցեղասպանություն, որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին` սպառնալով խզել հարաբերությունները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց