16:16 22/03/2010 » Քաղաքական

Թուրք-ամերիկյան խորհրդաժողովը հետաձգվել է

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ԱՄՆ Կոնգրեսում թիվ 252 բանաձևի կապակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայացրած որոշումը պատճառ է դարձել, որպեսզի հետաձգվի թուրք-ամերիկյան ամենամյա խորհրդաժողովը: Այս մասին, «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, մարտի 21-ին հայտնել են Թուրքիայի արտաքին առևտրային կապերի խորհրդից (Foreign Economic Relations Board of Turkey):

Աղբյուրի համաձայն երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ տարեկան խորհրդաժողովը, որն այս տարի անցկացվելու էր 29-րդ անգամ, նախատեսված էր ապրիլի 11-ից 14-ը: Այն կազմակերպել էին Թուրք-ամերիկյան գործարար խորհուրդն (Turkish-American Business Council) ու Ամերիկա-թուրքական խորհուրդը (American-Turkish Council): Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի քվեարկությունը պատճառ է դարձել, որպեսզի թուրքական կողմը հետաձգի միջոցառումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում թիվ 252 բանաձևի վերաբերյալ քվեարկությունը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 4-ին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որոշման դրական քվեարկությունից հետո պաշտոնական Անկարան հետ է կանչել Վաշինգտոնում հավատարմագրված իր դեսպանին` Նամիկ Թանին: Դրանից հետո փորձագետները խոսում են թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի առկայության մասին:


Սա փաստվում է նաև Վաշինգտոնի գործողություններով: Մարտի 19-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ զգուշացրել էր սեփական քաղաքացիներին մինչև ապրիլի 30-ը հրաժարվել Թուրքիա այցելելու գաղափարից, իսկ դրա անհնարինության դեպքում հակաամերիկանիզմի ալիք ապրող երկրում դրսևորել ծայրահեղ զգուշություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց