Ադրբեջանը սադրիչ գործողություններով արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը սահմանագոտում և վտանգում բանակցային գործընթացը

17:06 01/09/2010 » Քաղաքական

Ադրբեջանը սադրիչ գործողություններով արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը սահմանագոտում և վտանգում բանակցային գործընթացը

«Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին և կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

«Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են»,-ասվածէ ՊՆ հայտարարության մեջ:

Գերատեսրչությունից մանրամասնում են, որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին և տեղեկություններ տարածել, թե, իբր, զինված առճակատման արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը:

«Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը:

Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, սադրիչ գործողությունները ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ են դառնում, այլև չեն համապատասխանում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հարևան երկրի ղեկավարության հայտարարություններին»,-ասված է հայտարարության մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց