Ա. Մինասյան. «ՌԴ նախագահի Ադրբեջան կատարելիք այցի հիմնական նպատակը պարիտետը չխախտելն է»

11:13 03/09/2010 » Քաղաքական

Ա. Մինասյան. «ՌԴ նախագահի Ադրբեջան կատարելիք այցի հիմնական նպատակը պարիտետը չխախտելն է»

Panorama.am-ի հարցին պատասխանում է Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արմեն Մինասյանը

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու: Արդյոք պատահակա՞ն էր, որ այդ այցելությունից առաջ, սեպտեմբերի 1-ին, ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան այցելեց Մոսկվայի մարշալ Բաղրամյանի անվան թիվ 481 միջնակարգ դպրոց:

-Լինում են դեպքեր, երբ փաստերն ինքնին այնքան խոսուն են, որ որևէ մեկնաբանություն ուղղակի ավելորդ է: ՌԴ նախագահի Բաքու այցելությունից առաջ Սվետլանա Մեդվեդևայի այցը Մարշալ Բաղրամյանի դպրոց նման դրսևորումներից մեկն է:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանն Ադրբեջան, ապա այն հակիրճ կարելի է բնորոշել որպես այցելություն` հանուն այցելության: Խնդիրն այն է, որ ՌԴ նախագահի այցելության ծրագրում չկա որևէ կետ, որը որոշակի կարևորություն կհաղորդեր այս այցին:

Հայտարարվել է, որ Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվելու է հարցերի երեք խումբ. ռուս-ադրբեջանական սահմանի հետ կապված հարցեր, կասպից ծովի խնդիր և ԼՂ հիմնահարց: Հարցերի այս շրջանակը չի վկայում ՌԴ նախագահի այցելության կարևորության մասին: Ռուս-ադրբեջանական սահմանի խնդիրը առանձնակի կարևորություն ու հրատապություն չունի և դա կարելի էր քննարկել ինչպես արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ որևէ ֆորումի շրջանակներում նախագահների զրույցի ընթացքում: Ինչ վերաբերում է Կասպից ծովի խնդրին, ապա այստեղ որևէ լուրջ քննարկում անհնար է` առանց մյուս առափնյա երկրների մասնակցության, իսկ եթե այդ քննարկումը միմյանց մոտեցումների ճշգրտում է ենթադրում, ապա այդ դեպքում ևս լավագույն ձևաչափն այլ ֆորումների հարթակներն օգտագործելն է:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա մոտեցումներն այստեղ կարող են տարբեր լինել: Բայց այդ ամենով հանդերձ, դժվար թե ՌԴ նախագահն այցելություն կատարեր Բաքու` հանուն ԼՂ հարցում Ալիևի հետ ինչ-ինչ ճշգրտում անելու: Դրա համար նույնպես առավել արդյունավետը այլ ֆորմատներից օգտվելն է: Օրինակ` ԱՊՀ գագաթաժողով կամ առաջիկայում սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովը և այլն:

Նշվածը վկայում է, որ Մեդվեդևի այցելությունը Բաքու, թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային առումով քաղաքական կարևորություն չունի: Ըստ երևույթին այդ այցի հիմնական նպատակը պարիտետը չխախտելն է, և մասնավորապես, Հայաստան կատարած պետական այցից հետո Ադրբեջանում առաջ եկած հակառուսական հիստերիան զսպելը: Այսինքն դա այցելություն է` զսպելու համար այն բացասական էմոցիոնալ ֆոնը, որն առաջացել է Ադրբեջանում` հայ-ռուսական համաձայնությունների ձեռքբերման արդյունքում: Իհարկե, չի բացառվում, որ Մեդվեդևի այցելության արդյունքներով կհայտարարվի Ռուսաստան մատակարարվող ադրբեջանական գազի ծավալների մեծացման ցանկության կամ Ադրբեջանին ռուսական սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին, բայց այդ հայտարարությունները տարածաշրջանում ուժերի հարաբերակցության կոնֆիգուրացիայում որևէ էական ճշգրտում չեն մտցնի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց