17:30 03/09/2010 » Քաղաքական

Վարչապետ. Հայապահպանության գործում մեր երկիրը ոչինչ չի խնայելու

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցների հետ։ Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը։

ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարները վարչապետին են ներկայացրել համաժողովի աշխատանքները։ Նշվել է, որ համաժողովի ընթացքում հնչեցված մոտեցումներն ուրվագծում են համագործակցության խորացման նոր եզրերն ու որոշակիացնում հետագա անելիքները, մասնավորապես` կրթական բարեփոխումների և հայապահպանության խնդիրների առնչությամբ։

Կարևորելով խորհրդաժողովի անցկացումը` վարչապետը մասնավորապես նշել է. «Սա կրթական չորրորդ համահայկական խորհրդաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում և դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։ Միևնույն ժամանակ, սա առաջին հավաքն է, երբ արդեն ունենք սփյուռքի նախարարություն։ Համաժողովը ոչ միայն մասնագիտական հանդիպում է կրթական հարցեր քննարկելու, այլև մեր համահայկական խնդիրներին անդրադառնալու համար»։

Հանդիպման ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, մասնավորապես` մեկօրյա դպրոցների համար ուսումնական ծրագրի ստեղծումը, նոր ուսումնական և էլեկտրոնային նյութերի օգտագործումը կրթական գործընթացում, համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը, արտերկրում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մանկավարժների կենսաթոշակների հետ կապված հարցերը։

Ամփոփելով հանդիպումը` վարչապետը կարևորել է հայապահպանության գործում ուսուցիչների առաքելությունը նշելով, որ դրա համար մեր երկիրը ոչինչ չի խնայելու։
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց