Զուրաբյան. ՀԱԿ-ը պատրաստվում է վերանվաճել Ազատության հրապարակը

14:28 03/09/2010 » Քաղաքական

Զուրաբյան. ՀԱԿ-ը պատրաստվում է վերանվաճել Ազատության հրապարակը

Հայ ազգային կոնգրեսը նախօրեին քաղխորհրդի նիստ է հրավիրել, որոշում կայացրել սեպտեմբերի 17-ին անցկացվելիք հանրահավաքի վայրի մասին ու հայտարարություն ընդունել: Այսօր լրագրողների հետ հանդիպման եկած ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը զարմանալի համարեց, որ իր ասուլիսին մի քանի հեռուստաընկերություն է եկել, ապա եզրակացրեց. «Կենացները գնալով քաղցրանում են»:

Կոնգրեսում քաղաքապետարանի որոշումը` Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելելու մասին, իրավական առումով համարում են բացարձակ ապօրինի: Հիշեցնենք, որ քաղաքապետարան ծանուցում ներկայացրած ՀՀՇ-ին թույլատրվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթն անցկացնել այնպես, ինչպես իրենք են նշել իրազեկման մեջ: Քաղաքապետարնը որպես մերժման հիմք նշել է, որ Ազատության հրապարակում նախապես մեկ այլ միջոցառում է ծրագրված եղել:

«Եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն օրենքով սահմանված կարգով պետք է իրազեկեն այդ միջոցառման մասին, ինչը չի արվել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է»,-ասուլիսում հայտարարեց կոնգրեսականը, ավելացնելով, որ իշխանությունները ամեն ինչ անում են թույլ չտալու ընդդիմությանը հանրահավաք անցկացնել հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում:

ՀԱԿ-ում որոշում են կայացրել վերանվաճել Ազատության հրապարակը: «Նման վիճակում մեզ` Հայ ազգային կոնգրեսին այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»,-ընդունած հայտարարությունից ընթերցեց Զուրաբյանը, ապա ավելացրեց, որ դրա արդյունավետությունը ապահովելու և քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու համար իրենք իշխանություններին հնարավորություն են տալիս բանական ժամկետներում հարցը կարգավորելու ՀՀ Սահմանդրության ու օրենքների պահանջների շրջանակում:

«Այդ ընթացքում սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ, ՀԱԿ-ը ամենօրյա ռեժիմով հայտեր կներկայացնի Երևանի քաղաքապետարան Ազատության հրապարակում հանրահավաք անցկանելու նպատակով, արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն դատարաններում` ընհուպ մինչև Եվրոպական դատարան, կներկայացվեն ԵԽ-ին, Միջազգային այլ դեմոկրատական կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին»,-իրենց որոշման մասին լրատվամիջոցներին պատմեց ՀԱԿ համակարգողը: Նրա խոսքով, եթե այդ բանական ժամկետներում իշխանությունները այդպես էլ թույլ չտան Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, ապա «Միացյալ ընդդիմությունը իրեն իրավունք է վերապահում նշանակելու հանրահավաք Ազատության հրապարակում, և այն անցկացնլու անկախ նրանից, թե ինչ որոշում այդ մասին կընդունեն իշխանությունները»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց