Փոխվարչապետն ընդունել է Հանս-Պետեր Բոէի գլխավորած պատվիրակությանը

18:52 06/09/2010 » Քաղաքական

Փոխվարչապետն ընդունել է Հանս-Պետեր Բոէի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս-Պետեր Բոէի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, Ա. Գևորգյանը նշել է, որ կազմակերպության հետ առկա է սերտ գործակցություն, և բարձր է գնահատել նաև կազմակերպության տեղական գրասենյակի աշխատանքն ու վերջինիս հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարության կողմից հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում միգրացիոն ոլորտի խնդիրների լուծմանը: Մասնավորապես` այս տարի կառավարությանը կներկայացվի Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որն արդեն մշակվել և շրջանառության մեջ է դրվել: Փոխվարչապետն առանձնացրել է նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգը Հայաստանում ներդնելու գործընթացը, որին աջակցություն է ցուցաբերում ՄՄԿ-ն: Տեղեկացվել է, որ վերջերս կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը, և նախատեսվում է, որ հաջորդ տարվանից կլինեն ծրագրի առաջին արդյունքները: Լուրջ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում սահմանային ինտեգրացված կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ:

Միգրացիոն խնդիրները գտնվում են նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում: Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով և Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին` ընդհուպ մինչև անցում Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման դյուրացված համակարգի:

Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ գալիք տարի նախատեսվում է կազմակերպել փախստականների խնդիրների լուծման հարցերին նվիրված միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողով: Նշվել է, որ Հայաստանն ակնկալում է նաև եվրոպացի գործընկերների աջակցությունը միգրացիոն գործընթացների կարգավորման հարցում, ինչպես նաև պատրաստ է տարբեր երկրների հետ աշխատել` առաջացող խնդիրները երկկողմ մակարդակով կանոնակարգելու առումով: Փոխվարչապետը կարևորել է կազմակերպության հետ համագործակցության և գործնական երկխոսության շարունակումը, կազմակերպության փորձի և գիտելիքների կիրառումը ոլորտի խնդիրների լուծման հարցում:

Հանս-Պետեր Բոէն իր հերթին հաստատել է Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նշել, որ ՄՄԿ-ն կօժանդակի ոլորտի խնդիրների լուծմանը: Ի թիվս վերոնշալ խնդիրների շուրջ համագործակցության, կազմակերպության տեղական գրասենյակը պատրաստ է աշխատել ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հետ նաև հայրենիք վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման, միգրանտների իրավունքնրի պաշտպանության հարցերում: Արտերկրում հայ միգրանտներին աջակցելու գործում ՄՄԿ-ն նախատեսում է աշխատել նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ:
Հանդիպման վերջում փոխվարչապետը վերահաստատել է ՄՄԿ գլխավոր տնօրեն Վիլյամ Սվինգին ուղղված Հայաստան այցի հրավերը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց