Դ. Բաբայան. «Անհնարին է ժամանակակից աշխարհում ժողովրդավարական պետությանը բռնակցել տոտալիտար համակարգ ունեցող երկրին»

15:38 07/09/2010 » Քաղաքական

Դ. Բաբայան. «Անհնարին է ժամանակակից աշխարհում ժողովրդավարական պետությանը բռնակցել տոտալիտար համակարգ ունեցող երկրին»

«Այդ զեկույցից մի քանի եզրակացություն կարելի է անել. նախ առաջին անգամ է, որ Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբերյալ նման օբյեկտիվ փաստաթուղթ է ներկայացվում, որում հստակ նշվում է, որ Ադրբեջանը կլանա-օլիգարխիկ, արևելյան միապետությանը հատուկ պետություն է: Սա իհարկե ողջունելի է»,- անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած զեկույցին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը Ադրբեջանի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որում մանրամասնորեն անդրադարձ է կատարվել Ադրբեջանում տիրող կլանա-օլիգարխիկ իրավիճակին, քաղաքական իրավիճակին, ուժերի դասավորությանը, և առկա մեծ թվով խնդիրներին:

«Միևնույն ժամանակ, պետք է նաև նշել, որ նույն Ճգնաժամային խումբը, մի քանի անգամ նմանատիպ փաստաթղթեր է պատրաստել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, որում ներկայացնելով իրենց կողմից պատրաստված տարբեր սցենարները, ադրբեջանական մոտեցումն էր պաշտպանվում: Այս պահին, երբ նրանք ներկայացնում են Ադրբեջանում տիրող իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող զեկույց, ապա նրանք պետք է համապատասխան փոփոխություններ ներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:

Նրա խոսքերով, անհնարին է ժամանակակից աշխարհում ժողովրդավարական պետությանը բռնակցել ոչ ժողովրդավարական՝ տոտալիտար համակարգ ունեցող երկրին: «Նման բան գոյություն չունի: Եթե միջազգային ճգնաժամային խումբը չվերանայի իր մոտեցումները և կրկին նույն դիրքորոշումն արտահայտի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, կարծում եմ, որ դա մեծ հարված կլինի ժողովրդավարական գաղափարներին, և առհասարակ, մարդու իրավունքներին»,- ասաց Դ. Բաբայանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց