15:30 07/09/2010 » Քաղաքական

Օրենքի նախագիծ բանակում «գողական օրենքների» դեմ. ՊՆ-ն սկսել է կարգապահություն մտցնել բանակում

Պաշտպանության նախարարությունը զինված ուժերում կարգապահական կանոնագիրք է մշակել, որով կարգավորվում են բանակում զինծառայողների` սպայական կազմի ու շարքային ծառայողների փոխհարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները:
 
Այսօր Ազգային ժողովում կարգապահական կանոնագրքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հույս հայտնեց, որ այս կանոնագիրքը զգալի փոփոխություն կբերի բանակի որակի բարձրացման առումով: «Օրինակ, այս կանոնագրքի ընդունման պարագայում հրամանատարը պետք է իմանա զինվորի բարոյահոգեբանական վիճակը», -պատկերավոր ներկայացրեց փոխնախարարը:

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի խոսքով, բանակում այժմ տիրապետող են «գողական օրենքները»: «Հրամանատարները շատ հաճախ գերազանցում են իրենց լիազորությունները և, որպես կանոն, դրա հետևանքները լինում են ողբերգական», -հավելեց խորհրդարանականը` նկատելով, որ օրենքի նախագծում հստակ նշված է, թե զինվորականը ինչպես օկարող է զեկուցագիր ներկայացնել և վիճարկել հրամանատարի հրամանները:

Օրենքի հեղինակները ծրագրել են կարգազանց զինծառայողներին ուղարկել հատուկ նրանց համար նախատեսվող կարգապահական վաշտ` մինչև 10-ն օր ժամկետով: «Դա իրենից ներկայացնում է ավելի խստացված կարգավիճակով ծառայություն, օրինակ ասենք` շարային պատրաստության ժամանակը մի քիչ ավելի երկար կարող է լինել, քան սովորական զորամասերում է», -նշեց փոխնախարար Արա Նազարյանը:

Կանոնագիրքը նախատեսում է նաև այն, որ զինծառայողներին չպետք է այնպիսի հրամաններ կամ կարգադրություններ տալ, որոնք սահմանված չեն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ այլ օրենքներով կամ դուրս են հրաման տվողի լիազորությունների շրջանակներից:

ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը մանրամասնեց, որ ՊՆ 5 կայազորներից յուրաքանչյուր կայազորում գործելու է կարգապահական մեկ վաշտ: Վերջիններն իրենց տեսքով և ձևով նման չեն լինելու մինչ այժմ գործող մեկուսարաններին. լինելու են զորանոցների նման ու դրանց հատուկ պայմաններով, ուղղակի ռեժիմն է խիստ լինելու:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանին հետաքրքրում էր` կանոնագիրքը կնպաստի՞ զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:

«Օրենքի նախագծի շրջանակներում բարոյահոգեբանական վիճակի կամ հրամանատարների գիտակցությունը իրենց կատարած աշխատանքի, գործի առումով այս նախագծի սկզբի հոդվածներում դեկլարատիվ բնույթով ամրագրված է: Բայց դա չպետք է դիտել ուղղակի դեկլարատիվ դրույթ, այլ պետք է դիտել որպես հրամանատարի անմիջական պարտականություն», -ՊՆ ներկայացուցչի պատասխանը Նռանյանին այսպիսին էր:
 
Նա շտապեց հավելել, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ «ամենօրյա աշխատանք է իրականացվում»: «Իհարկե, այդ աշխատանքի ընթացքում թերություններ լինում են, բայց միայն ու միայն ցանկություն կա դրանք վերացնելու», -հավելեց Սասուն Սիմոնյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք այս կանոնագրքի մշակումը պայմանավորված չէ՞ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերով, երբ գրանցվեցին մի քանի զոհեր, փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ սա իրականացվում է ՊՆ բարեփոխումների շրջանակներում և թելադրված է ՀՀ Սահմանադրությամբ: «Սա պլանային միջոցառում է, պարզապես համընկել է այդ դեպքերի հետ», -հավելեց ՊՆ փոխնախարարը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց