Մ.Մինասյան. «ՄԱԿ-ի չինովնիկական կազմը պետք է գիտակցի, որ կա համընդհանուր դժգոհություն»

14:42 07/09/2010 » Քաղաքական

Մ.Մինասյան. «ՄԱԿ-ի չինովնիկական կազմը պետք է գիտակցի, որ կա համընդհանուր դժգոհություն»

Ադրբեջանի նախաձեռնած և ՄԱԿ-ում ներկայացվելիք բանաձևի շուրջ շարունակում են իրենց կարծիքները ներկայացնել քաղաքական գործիչները: Որոշ բացառություններով նրանցից մեծամասնությունը` հատկապես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները կարծում են, որ բանաձևը Հայաստանի համար վտանգավոր չէ, քանի որ ՄԱԿ-ի որոշումները պարտադիր բնույթ չունեն և եթե նույնիսկ որոշումն ընդունվի, այն որևէ առարկայական հետևանք չի կարող ունենալ Հայաստանի համար:

Այս տեսակետին է և այսօրվա ասուլիսում լրագրողներին ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը. «Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց շատ վտանգավոր է, որ այսօրվա իրողության մեջ փորձում է դավանանքի երանգ տալ դրան», - հայտարարեց նա ու ենթադրեց` քննարկումներին կողմ կքվեարկեն իսլամական կոնֆերանսի մասնակից երկրների զգալի մասը:
Բայց և հիշեցրեց` համաշխարհային հանրությունը շահագրգիռ է խնդիրը լուծել միայն ու միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իսկ եթե բանաձևը մտնի անվտանգության խորհուրդ քննարկման, այս դեպքում և՞ս որևէ վտանգ նա չի տեսնում: Պարզվեց, որ ոչ, քանի որ. «Մի մոռացեք, որ անվտանգության խորհրդի անդամ երկրները զբաղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով և այն կարծիքին են, որ ներկայիս ձևաչափը փոխելու կարիք չկա»,- ասաց Մ.Մինասյանը:

«ՄԱԿ-ն իր կառույցներով լուրջ վերակառուցման ու վերանայման կարիք ունի, քանի որ լինելով համաշխարհային խոշորագույն կառույց, պետք է իրավունք ու նաև հնարավորություն ունենա ավելի լուրջ ազդելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նշեց պատգամավորն ու ավելացրեց` սա նպաստում է նաև արդարամիտ որոշումներ ընդունելուն, իսկ գործող կանոնակարգն այդ հնարավորությունը չի ընձեռում:

Ի դեպ, պատգամավորը չբացառեց, որ գուցե ապագայում Հայաստանն էլ նման նախաձեռնություններով հանդես գա, որոնք հրապարակավ կարտահայտեն մեր երկրի կարծիքն ու դժգոհությունը, առավել ևս, եթե ՄԱԿ-ի կանոնակարգը մնա անփոփոխ ու դրանից օգտվելով Ադրբեջանն ամեն անգամ փորձի ինչ-որ քայլեր անել. «Այս դեպքում չեմ բացառում, որ Հայաստանը քայլերի կգնա, որպեսզի ՄԱԿ-ի ղեկավարությունը, չինովնիկական այն կազմը, որը կառավարում է այդ կառույցի աշխատանքը, գիտակցեն, որ կա համընդհանուր դժգոհություն գործող կանոնակարգերից»,- հավելեց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց