20:08 07/09/2010 » Քաղաքական

Արտգործնախարարն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:
Նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նախարարը բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման և միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր և լուրջ փորձ է կուտակել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրել է հաջորդ տարի Երևանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, և հայցել Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:
Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և դրանց լուծման ուղիներին:

Նշենք, որ «Եվրոպական շարժումը բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել է 1948 թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ: Հիմնադիր համաժողովը նախագահել է Ուինսթոն Չերչիլը: Սկզբնական շրջանում շարժումը եղել է շատ ազդեցիկ կառույց, որի նախագահներ են եղել Ռոբերտ Շումանը, Վալտեր Հալշտայնը, Վալերի Ժիսկար դ’Էստենը, Մարիո Սոարեշը և այլ ակնառու եվրոպական քաղաքական գործիչներ: Ներկայիս նախագահը Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոկսն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց