ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը ԱԺ արտահերթ քննարկման ներկայացնելը «Ժառանգությունն» արել է իր իմիջի համար. Նիկոյան

16:42 07/09/2010 » Քաղաքական

ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը ԱԺ արտահերթ քննարկման ներկայացնելը «Ժառանգությունն» արել է իր իմիջի համար. Նիկոյան

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ-ում արտահերթ քննարկման ներկայացնելը ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համարում է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քայլ, որն արվում է կուսակցության իմիջի համար:

«Ես հասկանում եմ «Ժառանգությանը». կուսակցություն է, որը ինչքան մոտենում ենք ընտրություններին, ինքն իր քայլերն է անում, որոնք կարող են որոշակի էմոցիոնալ ազդեցություններ ունենալ: Բայց ես ցավում եմ, որ այդ ամեն ինչը ազգային կարևորագույն խնդիրների շուրջ է կատարվում», -այսօր մեզ հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:


Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 և 35 հոդվածների համաձայն, «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած ԼՂՀ ճանաչման ամսին օրինագիծը առանց քվեարկության ներառվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:

Ըստ Նիկոյանի, ԼՂՀ անկախության ճանաչման հարցը պետք է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության որոշման արդյունք լինի: «Մեր պետությունը գտնում է, որ գնալ ԼՂՀ անկախության ճանապարհով, նշանակում է դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացից: Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն չպետք է ձեռնոց նետի միջազգային հանրությանը», -հավելեց Նիկոյանը:

ԱԺ փոխնախագահի կարծիքով` ե՞րբ կհասունանա Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահը մեր հարցին ի պատասխան, Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ժամանակային լուծում առաջարկել այդ հարցին: Բայց իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ եթե գա անհրաժեշտ պահը, մեր հանրապետության զինանոցում այդ միջոցը կա և պետք է օգտագործել»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց