ԱԺ նախագահն ընդունել է Հարոլդ Ալբրեխթի գլխավորած պատվիրակությանը

15:12 07/09/2010 » Քաղաքական

ԱԺ նախագահն ընդունել է Հարոլդ Ալբրեխթի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի Համայնքների պալատի Կանադա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը և Թոնի Մարտինը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-կանադական հարաբերությունները, նշելով, որ կանադացի խորհրդարանականների այցը կնպաստի այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելուն և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Կանադայի խորհրդարանի անդամ Հ. Ալբրեխթը տեղեկացրել է, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության 30 հոգանոց խումբը և շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում և ընդհանրապես բոլոր ոլորտներում:

Հ. Աբրահամյանը կարևորել է խորհրդարանների և խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ է համարել ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում և զգալի օգնություն և օժանդակություն է ցուցաբերում: Նա շոշափելի է համարել Կանադայի աջակցությունը հատկապես ՄԱԿ-ում: Հ. Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը և կարևոր համարել, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:

Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց