19:35 08/09/2010 » Քաղաքական

Կանադացի խորհրդարանականը` ՀՀ նախագահին. Ջանում ենք հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է խմբի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը և Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում, ինչն ամուր հիմք է համագործակցության առկա հնարավորությունները լիարժեք իրացնելու համար: Նախագահն այդ առումով կարևորել է նաև միջխորհրդարանական շփումների աշխուժացումը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

«Կանադան մեզ համար կարևորվում է որպես հզոր տնտեսություն և ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաև` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին, և որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսևորվել` դրանով իսկ ծառայելով ե'ւ Կանադային, ե'ւ Հայաստանին»,- նշել է Նախագահ Սարգսյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային և օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը. «Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին և կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը և կառավարությունը այս հարցի վերաբերյալ միակարծիք են»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

«Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը վերահաստատել է հայ-կանադական սերտ հարաբերությունների և ակտիվ համագործակցության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը և ընդգծել, որ, անշուշտ, այդ մեծ բարեկամության վկայությունն է նաև Կանադայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հայերը, պարոն Ալբրեխթի հավաստմամբ, զգալի ներդրում ունեն Կանադայի տնտեսության, քաղաքականության, մշակույթի և այլ բնագավառների զարգացման գործում:

Կանադացի խորհրդարանականը տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլև ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը և ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կբերի նաև տնտեսվարման նոր մշակույթ: Կարևորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաև` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց